ՔԱՂԱՔԱՑԻՆ՝ ԸՆԴԴԵՄ «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ»-Ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացի Լեւոն Թերզիբաշյանին իր տան գազահաշվիչ սարքն անակնկալ է մատուցել ավելի քան 55.000 դրամ պարտքի տեսքով՝ որպես օգտագործված գազի արժեք: Թերզիբաշյանի համոզմամբ՝ Երեւանի ԳԳՄ Արաբկիրի տարածքային շահագործման ծառայության կողմից կատարված գազի վերահաշվարկի մեջ կան մի շարք կոպիտ անճշտություններ ու հավելագրումներ:

Իր դժգոհությունը «Ժողովուրդ»-ին ներկայացրած քաղաքացին «Հայռուսգազարդ»-ի խախտումների՝ իր կողմից դիտարկված 3 կետ նշեց.
«1. Գազի քանակի վերահաշվարկի օրերը ենթադրվում է 40 օր, սակայն տեսուչը պարտավոր է 15 օրը մեկ ստուգել առեւտրային հաշվիչի աշխատանքը, այսինքն՝ պետք է ավելի վաղ ստուգվեր գազահաշվիչի հայտնաբերած թերությունը՝ ոչ ավելի, քան 15 օրվա ընթացքում: Այսպիսով՝ ներկայացվել են սեպտեմբեր ամսվա գազի ծախսի տվյալները, որի դիմաց էլ մենք վճարել ենք:
2. Գազի վերահաշվարկի ժամանակ համապատասխան ցուցանիշն արձանագրվել է 9,21 խորանարդ մետր, որը չի եղել ու չի կարող լինել, քանզի, վերցնելով հոկտեմբեր, ինչպես նաեւ ապրիլից սեպտեմբեր ամսվա տվյալները, գազի ծախսի ծավալը կազմել է 46-74 խորանարդ մետր:
3. Գազահաշվիչի փորձագիտական եզրակացության մեջ նշվում է հաշվիչի խափանման պատճառը՝ շահագործման պայմանների խախտում: Սակայն խախտումը հայտնաբերելու պահին հաշվիչը եղել է կապարակնքված: Այսինքն՝ շահագործման պայմանները կարող էին խախտվել միայն սպասարկող անձնակազմի գրասենյակի՝ ոչ ճիշտ շահագործման հանձնելու եւ սպասարկելու շնորհիվ»:
Քաղաքացու բողոքը բարձրաձայնելու եւ որոշակի բացատրություն ստանալու նպատակով զրուցեցինք «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի Երեւանի ԳԳՄ Արաբկիրի տարածքային ծառայության պետի տեղակալ Միքայել Մկրտչյանի հետ: «Հաշվիչը մինուսով է աշխատել, մենք մեղավոր չենք, ամեն ինչ արեցինք՝ քաղաքացուն օգտակար լինելու համար, սակայն լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել հաշվիչի տվյալները, եւ դրա հիման վրա ենք արձանագրել գոյացած գումարի չափը»,-նշեց Մկրտչյանը: Նրա հավաստմամբ՝ գազահաշվիչի ստուգաչափման արդյունքում հայտնաբերվել է հաշվիչի խախտում: Կատարվել է ծախսված գազի քանակի եւ արժեքի կիրառված տույժի վերահաշվարկ, եւ ըստ այդմ էլ օգտագործված գազի արժեքը կազմել է ավելի քան 55.000 դրամ:
Մ. Մկրտչյանը նաեւ նշեց, որ վերահաշվարկի հետ առարկություններ ունենալու դեպքում համապատասխան հիմնավորումներով գրավոր առարկությունները քաղաքացի Թերզիբաշյանը կարող է ներկայացնել «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի Երեւանի ԳԳՄ:

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս