ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս մարզական ֆեդերացիաների նախագահների ընտրության թեման դարձել է լայն քննարկումների առարկա, եւ դրա հիմնական պատճառը Հայաստանում սպորտի քաղաքականացումն է։ Դա առավել ցայտուն զգացվեց վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունից հետո։ Օրերս էլ փոխվեց բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը. ԲԱՄՕ-ի Արման Մուրադյանին փոխարինեց ԱԺ պատգամավոր, Դավթաշենի նախկին թաղապետ Արթուր Գեւորգյանը։ Չնայած նա նախկին բռնցքամարտիկ է, Եվրոպայի մրցանակակիր, երկու օլիմպիական խաղերի մասնակից, սակայն շատերը նրա ընտրությունն ավելի շատ պայմանավորում են ՀՀ ոստիկանապետ Վլ. Գասպարյանի փեսան լինելու հանգամանքով։

Եվ ընդհանրապես, երբ դիտարկում ենք ֆեդերացիաների նախագահների ցանկը, շատ ծանոթ անունների ենք հանդիպում։ Նշենք նրանցից մի քանիսին՝ նախ առանձնացնելով հայտնի մարզիկներին։ Օրինակ՝ մարմնամարզության ֆեդերացիայի նախագահն օղակների արքա, օլիմպիական խաղերի հաղթող Ալբերտ Ազարյանն է, աթլետիկայինը՝ հեռացատկորդ, Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը։ Ինչպես արդեն նշեցինք, բռնցքամարտի ֆեդերացիայի նորընտիր նախագահը նախկին բռնցքամարտիկ, օլիմպիական խաղերի մասնակից Արթուր Գեւորգյանն է, բասկետբոլինը՝ նախկին բասկետբոլիստ, սպորտի նախկին նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, սուսերամարտինը՝ սպորտի մեկ այլ նախկին նախարար, նախկին սուսերամարտիկ Արմեն Գրիգորյանը։ Ապա նրանց հետեւում են բարձրաստիճան պաշտոնյաներ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որը ղեկավարում է շախմատի ֆեդերացիան, դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահն արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն է, իսկ վոլեյբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի, ինչպես նաեւ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մասին բոլորը գիտեն։ Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը մեծահարուստ Սամվել Կարապետյանն է, ծանրամարտինը՝ մոսկվայաբնակ գործարար Արմեն Շահազիզյանը, թենիսի ֆեդերացիան ղեկավարում է Հարություն Փամբուկյանը, ռեգբիինը՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայր Յուրի Բեգլարյանը։ Ձիասպորտի ֆեդերացիայի նախագահը գործարար Հայրապետ Հայրապետյանն է, նետաձգությանը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը…
Ահա այսպիսի նախագահներ ունեն մեր ֆեդերացիաները։ Իհարկե, կան նաեւ այլ, մեզ համար, կարելի է ասել, էկզոտիկ մարզաձեւերի, օրինակ՝ կանոէի, գեղասահքի, հոկեյի ֆեդերացիաներ, որոնց նախագահներին քչերը կճանաչեն… Այլ խոսակցության թեմա է ՀԱՕԿ-ֆեդերացիաներ, սպորտի նախարարություն-ֆեդերացիաներ հարաբերությունների հարցը, որին կանդրադառնանք հաջորդիվ։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս