ԱՊՊԱ
ՀԱՐՑ. Եթե ավտոտրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի արդյունքում մահվան ելք է գրանցվել, ապա որքա՞ն է կազմում ԱՊՊԱ-ի կողմից փոխհատուցվող գումարի չափը տուժողի ընտանիքին:
Սեդա Միլիտոնյան (54 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ավտոապահովագրողների բյուրոյի ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրական հատուցումների վճարման կանոնների համաձայն` հատուցվում են հուղարկավորության ծախսերը եւ կերակրողին կորցնելու հետ կապված ծախսերը: Մասնավորապես, տուժողի հուղարկավորության հետ կապված ծախսերը հատուցվում են օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված չափով, իսկ գործ հարուցված չլինելու կամ այդպիսի գործով կայացված դատական ակտով տուժողի հուղարկավորության հետ կապված ծախսերի հատուցման հետ կապված հարցերը կարգավորված չլինելու դեպքում տուժողի հուղարկավորության հետ կապված ծախսերը գնահատվում են 650.000 ՀՀ դրամ, որը հատուցվում է միանվագ կերպով: Ինչ վերաբերում է կերակրողին կորցնելու հետեւանքով պատճառված վնասների հատուցմանը, ապա դրա չափը հաշվարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ գլխով սահմանված կարգով աշխատավարձի/եկամտի այն մասի չափով, որ մահացողի ընտանիքի անդամները ստանում էին կամ ստանալու իրավունք ունեին իրենց ապրուստի համար:
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ըստ պաշտոնական տվյալների՝ Երեւանում անցած ինն ամիսների ընթացքում տեղի է ունեցել 832 ճանապարհատրանսպորտային պատահար, զոհվել է 43 քաղաքացի, վիրավորվել` 1044-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2-ով նվազել է մահվան ելքով դեպքերի թիվը, փոխարենը 128-ով ավելացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքերը:
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Երբ մարդն ինչ-ինչ պատճառներով ինքնասպանություն է գործում, եւ պարզ է դառնում, որ նա անգիտակից վիճակում է գտնվել, ապա նման դեպքերում ինքնասպանությունն արդարացվո՞ւմ է:
Հրանուշ Ալեքսանյան (34 տարեկան, ուսուցչուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ինքնասպանությունը ոչ մի դեպքում չի արդարացվում: Ցանկացած մարդ, ով դիմում է ինքնասպանության, բնականաբար, այդ պահին հոգեպես առողջ չէ, անհավասարակշիռ վիճակում է եւ չի գիտակցում իր արածի լրջությունը: Այս դեպքում ոչ մի արդարացում չկա: Սակայն կան մարդիկ, ովքեր ի ծնե մտավոր արատ ունեն կամ «հոգեկան» հիվանդներ են: Եթե նման մարդիկ են դիմում ինքնասպանության, ապա նման մարդկանց համար կատարվում է հոգեհանգստի կամ թաղման կարգ, քանի որ նրանց ինքնասպանության փաստը հուսահատության եւ անհավատության արդյունք չէ, այլ մտավոր արատի, ինչն էլ կարելի է «արդարացուցիչ» հանգամանք դիտել:
Արարատյան հայրապետական թեմ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինքնասպանության դեպքերի պատճառներն են սոցիալ-տնտեսական ծանր պայմանները, տարբեր կրոնական աղանդներին հարելը եւ այլն: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2013թ. հունվար-հունիսին ՀՀ-ում գրանցվել է 377 ինքնասպանության փորձ եւ դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից շատ է 1.6%-ով: Ինքնասպանությունների եւ դրանց փորձերի առավելագույն թիվը բաժին է ընկել 30-65 տարեկաններին: Ըստ նույն աղբյուրի` ՀՀ-ում ինքնասպանությունների դեպքերի եւ փորձերի թիվը 3 տարիների ընթացքում աճել է 25%-ով՝ 2012թ. կազմելով 740 դեպք: