Օրերս, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով, ՀՀ արդարադատության նախարար էր նշանակվել Վրաստանում Հայաստանի հանրապետության նախկին արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը: Մինչ այդ պաշտոնը զբաղեցնում էր Հրայր Թովմասյանը:
Հովհաննես Մանուկյանը Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր դեռ 2011-ից, սակայն մինչ այդ հասցրել է զբաղեցնել այլ կարևոր պաշտոններ ևս:
Նրա կենսագրական տվյալներից տեղեկանում ենք, որ ծնվել է 1971 թվականի դեկտեմբերի 14-ին Գյումրիում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1993 թվականի մայիսի 17-ին` ընդունվելով աշխատանքի ՀՀ Գերագույն Խորհրդի քարտուղարի օգնականի պաշտոնում։ Նա աշխատել է ուսմանը զուգընթաց, իսկ ավարտել է ուսումը 1994-ին:
Դրանից հետո Մանուկյանն աշխատել է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովում և ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում` որպես առաջատար մասնագետ։
1997 թվականին նրան շնորհվում է Արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային կոչում։
1998-ին ներգրավվում է ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի կազմում։
Մի քանի այլ տեղերում աշխատելուց հետո` 2005 թվականի հունիսի 9-ին, ՀՀ Նախագահի հրամանագրով, Հ. Մանուկյանը նշանակվում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում։
2008 թվականի սեպտեմբերի 17-ին Հովհաննես Մանուկյանը հրաժարական էներկայացնում վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից` մարտի 1-ի դեպքերից հետո:
Իսկ 2011-ից էլ զբաղեցրել է դեսպանի պաշտոնը:
Անդրադառնանք նորանշանակ նախարարի ունեցվածքի և գույքի հայտարարագրին: Նա որևէ անշարժ, շարժական կամ թանկարժեք գույք չի հայտարարագրել: Դրամական միջոցներ բաժնում նա հայտարարագրել է 30 մլն դրամ, որը, սակայն, տարվա վերջում նվազել է` հասնելով 7 մլն-ի: Տարվա սկզբում նա ունեցել է 250 հազար եվրո, որն աճել է և տարվա վերջում դարձել 290 մլն եվրո: Աճ է արձանագրվել նաև նորանշանակ նախարարի դոլարային եկամուտներում` 450 հազար դոլարից` 490 հազար դոլար:
Անցյալ տարվա ընթացքում Մանուկյանի հիմնական եկամուտները գոյացել են աշխատանքի վարձատրությունից` 28.384 դոլար, վարձակալության դիմաց ստացված գումարներից` 7.776.000 դրամ և 18.360.000 դրամ:
Այսպիսով` 2013թ. նրա եկամուտը կազմել է 26 մլն 136 հազար դրամ: