ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես գովազդով լսեցի, որ կարող եմ սուպերմարկետներից ձեռք բերել մեքենայի տեխզննման կտրոն: Ինչպե՞ս է դա լինում, այսինքն` մեքենաս կարող եմ այլեւս չտանե՞լ տեխզննման կայան:

Գրիգոր Բալայան, 70 տարեկան, թոշակառու

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեխզննման կտրոնն օրենքով բանկերն են տալիս, միգուցե քաղաքացին սխալ է հասկացել,  որ սուպերմարկետներում էլ են տալիս: Խոսակցություններ կան, որ տեխզննման կետերը նույնպես տալիս են կտրոն, բայց երբ հարցնում ենք տեխզննման կետերին, նրանք հերքում են այդ փաստը: Կառավարության որոշումը չի պարտավորեցնում կտրոնը բանկից ստանալուց հետո պարտադիր տանել տեխզննման կայան, քանի որ օրենքում նշվում է, որ տեխզննման կտրոնի առկայությունն արդեն իսկ ապացույց է, որ քաղաքացին կատարել է տեխզննում, բայց դե իրականում չի անցել: Հետեւապես օրենքը մնում է օրենք, բայց մենք խորհուրդ ենք տալիս մեքենան տանել տեխզննման, քանի որ առաջինը մեքենայի տիրոջն է պետք իր մեքենայի տեխնիկապես սարքին վիճակն իմանալ: Այսպես, թե այնպես  տեխզննման համար բանկում գումարը մուծվում է, թող մեքենան տանեն տեխզննման, կտրոնը փակցնեն ապակու վրա եւ հանգիստ խղճով երթեւեկեն:
Ընդհանուր օգտագործման  տրանսպորտային միջոցները, տաքսիները  տարին երկու անգամ պարտադիր պետք է տեխզննում անցնեն, իսկ սովորական մեքենաները, որոնց արտադրությունն արդեն 5 տարուց ավել է, տեխզննում պետք է անցնեն տարին մեկ անգամ:

«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների
պաշտպանության կենտրոնի տնօրեն
Էդիկ Հովհաննիսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Խոսքն, ամենայն հավանականությամբ, ոչ թե տեխզննման, այլ ԱՊՊԱ կտրոնի մասին է: Հիմա ԱՊՊԱ տրամադրելու թեժ սեզոնն է, եւ գերշահութաբեր համարվող այս բիզնեսից ամեն մեկը ձգտում է սեփական մասնաբաժինն ունենալ, եւ դրանում անմասն չեն մնում նաեւ ամեն ինչ վաճառող սուպերմարկետները:




Լրահոս