Ինչու է «աղմկում» ԲՀԿ-ն կամ փորձում հերոսանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը Armlur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը որևէ մտավախություն չունի՝ կապված ՀՀ ԱԺ նախագահի ընտրությունների «կեղծման» հայտարարության հետ: Մեր զրուցակիցը նշեց, որ սա ԲՀԿ-ի հերթական՝ ինչ-որ մեկին բան ապացուցել փորձող հայտարարությունն է:

-Պարո՛ն Ավետիսյան, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները հայտարարում են, որ իրենք ԱԺ նախագահ են ընտրել ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանին, բայց, չգիտես ինչու, իրենց կողմ քվեաթերթիկները չկան: ԱԺ հաշվիչ հանձնաժողովը ԱԺ ԲՀԿ խմբակցությունից վերահաշավարկի դիմում-բողոք ստացե՞լ է:

Ի՞նչ բողոքի մասին է խոսքը: Նրանց հայտարարություններն ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում, հանձնաժողովի հետ կապված որևէ խնդիր չկա: Եթե ուզում են, կարող են բողոքել: Ինչ են ուզում անել, ինչ են որոշել անել, ես չգիտեմ: Թե ում ինչ են ցանկանում ապացուցել, ես այդպես էլ չեմ հասկանում:

Մենք ընտրությունը շատ նորմալ անցկացրել ենք: Թե ում ինչ են խոստացել, թե ում մոտ են ուզում լավամարդ լինել, դա իրենց խնդիրն է: Ես այդ ամենի հետ որևէ կապ չունեմ: Դրա հետ հանձնաժողովը որևէ խնդիր չունի:

-Շուրջ 10 ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ հայտարարել են, որ իրենց ձայնը տվել են Հ. Բագրատյանին: Որտե՞ղ են այդ քվեաթերթիկները, եթե ըստ հաշվիչ հանձնաժողովի ներկայացրած արդյունքների՝ ընդամենը 3 քվեաթերթիկ է առկա Հ. Բագրատյանի օգտին:

-Հայտարարելը շատ քիչ է: Մի ժամանակ էլ ՀԱԿ-ն էր ՀՀ գլխավոր դատախազի ընտրությունների ժամանակ հայտարարում, որ իրենց քվեաթերթիկները չկան: Հայտարարելը շատ քիչ է, հայտարարելուց առաջ հարկավոր է քայլերը մտածել, որ հետագայում նման խնդրի առաջ չկանգնեն:

Ուզում էին… Հրանտ Բագրատյանին առաջարկել էին… թող նստեին ու հաշվիչ հանձնաժողովի հետ ձայները հաշվեին: Իրենք հրաժարվում են նստել, հանձնաժողովի հետ ձայները հաշվել, հետո սկսում են աղմկել, ինչ-որ բաներ ապացուցել, փորձել հերոսանալ, լավամարդ լինել:

-Այսինքն՝ ԱԺ հաշվիչ հանձնաժողովը ԲՀԿ-ից որևէ դիմում-բողոք չի՞ ստացել:

Որևէ բողոք չունեմ ու չեմ էլ կարող ունենալ: Մենք մեր գործը կատարել ենք օրինական ձևով, դրել ենք ծրարի մեջ ու հանձնել քարտուղարություն: Վերջ:

-Հնարավոր է՝ ԲՀԿ-ն պահանջի վերահաշվարկ, ի՞նչ եք պատրաստվում այդ դեպքում անել:

-Պահանջում են, չեն պահանջում, դա իրենց խնդիրն է, դա հաշվիչ հանձնաժողովի իրավասությունը չի: Ընդհանրապես, որևէ մտավախություն չունեմ ու չեմ էլ մտածում դրա մասին:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս