
Բրիտանիան Ուկրաինա կգործուղի դատախազության իր ներկայացուցչին, որը պետք է օգնի տեղական իշխանություններին նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կառավարության կողմից ենթադրաբար գողացված միլիարդավոր դոլարների փնտրման գործում:
Գլխավոր դատախազ Դոմինիկ Գրիվն այս մասին հայտարարել է Լոնդոնում՝ գողացված ակտիվների վերադարձի աջակցմանը վերաբերող կոնֆերանսում. գրում է «Ամերիկայի ձայնը»:
Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի կողմից կազմակերպված ֆորումին մասնակցել են Ուկրաինայի ներկայացուցիչները և կոռուպցիայի հետ պայքարի ոլորտի փորձագետներ՝ 30 երկրից:
«Այս ֆորումի ընթացքում ուկրաինական գործընկերները պատմել են Յանուկովիչի հետ աշխատող կառավարության անդամների և պետական պաշտոնյաների ցնցող անազնվության և ագահության մասին» – ասել է Գրիվը: Միջոցները հայտնաբերելը դժվար կլինի, հավելել է գլխավոր դատախազը, ենթադրելով, որ դրանք թաքցված կլինեն բազմաշերտ կորպորատիվ կառույցների տակ և լվացված կլինեն օրինական բիզնեսի միջոցով: