
Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հայտարարությունն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման հերթական դրսևորումն է՝ միտված ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի խաթարմանը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի արհեստական ձգձգմանը։
Այդ մասին հայտարարել է ԼՂՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը` պատասխանելով «Artsakhpress»-ի հարցին, թե ինչպես է ԼՂՀ ԱԳՆ-ն մեկնաբանում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքին անվստահություն հայտնելու, նրա հետ աշխատելուց հրաժարվելու և նրան այդ պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովի հայտարարությունը։
«Ադրբեջանի նման կեցվածքը վկայում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման մեջ նրա շահագրգռվածության բացակայության մասին», -նշել են ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունից։