Հակահրդեհային կանոնները խախտելով շենք են կառուցում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սայաթ-Նովա 10, 12 շենքերի կենտրոնում կառուցվող կաթսայատան գործով հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 1-ին: Armlur.am-ի հետ զրույցում բնակիչների փաստաբան Ալբերտ Կանդալյանը տեղեկացրեց, որ իր կողմից նախորդ դատական նիստին դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը դատարանը մերժել է:

«Հաջորդ դատական նիստին ես հայցադիմումից կհրաժարվեմ, դատավորին չվստահելով, կապացուցենք դա: Ինչից հետո նորից նույն հայցադիմումով կդիմենք, բայց մի փոքր փոփոխությունով, քանի որ հրշեջ ծառայությունից եւս մեկ պարզաբանում ենք ստացել, որտեղ շեշտվում է այն, որ շինարարության հետեւանքով հակահրդեհային նորմերն արդեն խախտվել են:

Այս պարզաբանումը մենք արդեն երկրորդ անգամ ենք ստանում: Բոլոր կողմերից խախտումներն առկա են: Բազմաֆունկցիոնալ շենքը կառուցելուց հետո՝ էլ ավելի վթարային կդառնա վիճակը»,- պարզաբանեց փաստաբանը:

Չնայած սրան՝ նկատենք, որ  շենքի հարկերն օր օրի  բարձրանում են: Կանդալյանի խոսքով, սակայն շինընկերությունը չի կարողանում շինությանը կարեւոր մյուս տեխնիկան մտցնել շենքի բակ, որի պատճառով էլ շենքի կառուցումը դանդաղ է ընթանում:

Հիշեցնենք, որ Սայաթ-Նովա 10, 12 շենքերի բնակիչները պահանջում են դադարեցնել «Լարկո գրուպի» կողմից իրականացվող բազմաֆունկցիոնալ շենքի շինարարությունը: Քանի որ շենքը կառուցվելու դեպքում քաղաքացիների բնակարաններ լույս չի մտնելու, բացի այս փակվելու է դեպի իրենց շենքեր տանող հրշեջ եւ շտապօգնության մեքենաների ճանապարհը, ավելին՝ թուլացնելու է իրենց շենքերի սեյսմակայունությունը:




Լրահոս