
Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2014թ. առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցուցակը:
Ըստ այդ ցուցակի՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը գտնվում է 329-րդ հորիզոնականում և վճարել է 80 միլիոն դրամի հարկ: Համեմատության համար նշենք, որ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում Մայր Աթոռը եղել է 386-րդ տեղում և վճարել է 65 միլիոն դրամ հարկ:
Հասկանալու համար, թե որտեղից են գոյացել այդ գումարները, armlur.am-ը զրուցեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանի հետ: Նա մեզ հետ զրույցում նշեց.
«Մայր Աթոռ Ս. Էջմիածինը մշտապես կատարել է իր հարկային պարտավորությունները: Կառույցն ունի հսկայական պաշտոնեություն, որի մասով, բնականաբար, պետական բոլոր սահմանված հարկերը վճարվում են: Մայր Աթոռն ազատվում է հարկերից միայն բարեգործական գործունեություն իրականացնող որոշ ծրագրերի մասով: Քննելով հրապարակված 2013թ. վիճակագրությունը` ուրախալի է փաստել, որ Մայր Աթոռն իրականացրած բարեգործական ծրագրերի ծավալով առաջին տեղում է»: