ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը երեկ, խոսելով Քաջարան գյուղի տարածքը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին տրամադրելու կառավարության որոշման եւ Քաջարանի գյուղապետի հրաժարականի մասին, ասել է, թե 100 տոկոսով երաշխավորում է, որ այդ հրաժարականը կապված չէ նշված որոշման հետ. «Դրա տակ են կոխում: Դա ուրիշ հարց է: Բա որ միլիոններով փող էին տալիս, ամենաշատ ֆինանսավորում ունեցող համայնքն էր, էդ ինչի՞ էդ ժամանակ հրաժարական չէր տալիս, հը՞»: Ահա այսպես, մի ողջ գյուղի  ճակատագրի հարցն Այվազյանը, իրեն հասկանալի միակ արժեքի` փողի եւ իրեն բնորոշ բառապաշարի` «կոխելու» տիրույթում ընկալելով, չգիտես ինչու, իրեն իրավունք է վերապահում կշտամբել քաջարանցիներին` ասելով. «Բողոքի ակցիա են իրականացնում, թե չէ` պիտի իմանան, որ երբ պետությունը հայրենիքը պաշտպանելու համար մարդ է ուղարկում պատերազմ, մարդ էլ է զոհվում»: Հետաքրքիր է, հայրենիքը պաշտպանելու սեփակա՞ն, թե՞ հարյուր հազարավոր դոլարներ արժեցող մեքենայով շրջող որդու փորձից ելնելով է հերոս քաջարանցիներին խորհուրդներ տալիս Այվազյանը:  
Տարօրինակ է, մի՞թե ՀՀԿ-ում չեն հասկանում, որ Վարդան Այվազյանի նման մեկին, ով իր` բնապահպանության նախարար եղած տարիներին հիմնավորապես թալանեց հայրենի ընդերքը եւ կոպեկներով սեփականացրեց բազմաթիվ հանքեր, չի կարելի թույլ տալ այս հարցում խոսել իշխանության դիրքերից: Դրանից ավելի մեծ հակափիար ուղղակի դժվար է մտածել: Հասարակությունը, լսելով, թե ինչպիսի ցինիզմով է Այվազյանը  Քաջարանի ըմբոստ գյուղապետին «կոխում» իր ու իր նմանների` ամեն ինչ փողով չափող կատեգորիայի մեջ, էլ ավելի մեծ ատելությամբ է լցվում իշխանության հանդեպ: Ընդհանրապես, ի՞նչ իրավունքով է ճայերի վրա կրակելու սիրահար նախկին բնապահպանության նախարարը հավաստիացնում, թե  պղնձամոլիբդենային կոմբինատի ընդլայնման դեպքում բնապահպանական աղետ չի լինի. «Քանի որ ՀՀ-ում արգելված է ցանկացած գործողություն, որը կարող է բերել բնապահպանական նորմերի  խախտմանը»: Սա ասում է մի մարդ, ով, համաձայն մամուլում հրապարակված եւ այդպես էլ չհերքված տեղեկությունների, 3 միլիոն դոլար կաշառք էր պահանջել հնդկական ընկերությունից` ոսկու հանքավայրը բացառապես «բնապահպանական նորմերին» համապատասխան շահագործելու համար: Այվազյանը երեկ նաեւ անդրադարձել է փոխհատուցման թեմային. «Ես 1000 տոկոսով համոզված եմ, որ պղնձամոլիբդենայինն ինչ-որ ճանապարհով  փոխհատուցելու է էդ գյուղի հողը, որ արժե 1 դրամ, նա փոխհատուցելու է 100 դրամ»: Հետաքրքիր է, իր կողմից 380 դոլարով գնված, ապա 28 միլիոն դոլարով չինացիներին վաճառված Հրազդանի երկաթի հանքերի շահագործման դեպքում ե՞ւս նման շռայլ փոխհատուցումներ են լինելու:
Այնուամենայնիվ, Այվազյանը երեկ մի լավ բան էլ է ասել. «Համայնքին տված աջակցությունը վերջին տասը տարվա ընթացքում եթե 4-5 միլիոն դոլար չլինի, ես վաղը պատրաստ եմ հրաժարական տալու»: Սպասում ենք:




Լրահոս