Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանն այլևս Կառավարության կազմում չէ:
Մի քանի օր առաջ, Սերժ Սարգսյանի հրամանով, Թովմասյանին այդ պաշտոնում փոխարինեց Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանը:
Անդրադառնանք Թովմասյանի անցյալին:
Առաջին անգամ արդարադատության նախարար էր նշանակվել 2010-ին, 2012-ին` վերանշանակվել: Ավելի վաղ` 2001թ. եղել է ՀՀ բնապահպանության փոխնախարար:
Հրայր Թովմասյանը միշտ էլ աչքի է ընկել իր բառախաղով, Ազգային ժողովում պատգամավորների հետ ակտիվ լեզվակռվով: Նույնիսկ պաշտոնում չվերանշանակվելու օրն Ազգային ժողովում նա կրկին ուրախ էր, սրամտում էր և անեկդոտներ պատմում:
Ինչպես ասում են, երևի չգիտեր «գլխին գալիքը»:
Հովիկ Աբրահամյանի` վարչապետ նշանակվելուց հետո ակտիվորեն խոսակցություններ էին գնում այն մասին, որ ԲՀԿ-ն չի ցանկանում նոր Կառավարության կազմում տեսնել Հրայր Թովմասյանին: Թերևս, այդպես էլ եղավ: Շատերն են հիշում ԲՀԿ-ական պատգամավորների և նախարարի միջև տեղի ունեցած տարբեր լեզվակռիվներն ԱԺ-ում: Չնայած պետք է նշել` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» նախկին նախարարի հետ ունեցած կոնֆլիկտների քանակով ետ չեն մնում ԲՀԿ-ից:
Անդրադառնանք նաև նախկին նախարարի` 2013թ. ունեցվածքի հայտարարագրին: Նա ունեցել է 6750 եվրո և 70,000 դոլար: Հետաքրքիրն այն է, որ տարեսկզբին նախարարի` դրամով միջոցների բաժնում գծիկ էր դրված, որը հարկային տարվա վերջում դարձել է 16.780.000 դրամ:
Արդարադատության նախկին նախարարի եկամուտները գոյացել են աշխատավարձերից, փոխառությունից և այլ եկամուտից: Ընդհանուր առմամբ` Թովմասյանը 1 տարվա ընթացքում վաստակել է 7.501.898 դրամ գումար:
Շատերն են նշում, թե պաշտոնը «փչացրեց» Հրայր Թովմասյանին: Մինչ նախարար նշանակվելը նա պրոֆեսիոնալ էր և վայելում էր շատերի հարգանքը: Սակայն այդ ամենը վերացավ նախարար նշանակվելուց հետո ու նա դարձավ նրանցից մեկը, ում հասարակությունը չէր ցանկանում ընդունել: