ԵՐԲ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է ԳՐՊԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի «Միաբանություն» ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանը, նախքան կպատասխաներ մեր այն հարցին, թե «Եդիանայա Ռոսիա»-ի օրինակով ՀՀ իշխանությունները եւս կվերարտադրվեն, հարկ համարեց ներկայացնել իրավիճակների տարբերությունները:
Ռուսաստանի համար երեք խնդրահարույց հարցերը` բյուրոկրատիա, կոռուպցիա եւ ժողովրդի հոգնածություն այսպես կոչված «զրոյականներից»` 2000-ականների դեմքերից, որոնք համատարած ճահճացման պայմաններում միմյանց էին փոխանցում պաշտոնները, ծնեցին այն հուզումների ալիքը, որը պահանջում է փոփոխություններ: Դրանք կա՛մ պետք է լինեին  հեղափոխության` ռեւոլյուցիոն, կա՛մ էվոլյուցիոն ճանապարհով: Ընտրվեց վերջինը, եւ ստեղծվեց  պուտինյան ճակատը, որի  նախընտրական շտաբը հենց այդ պատճառով ղեկավարում է ոչ թե «Եդինայա Ռոսիա»-ի ինչ-որ մի կարկառուն դեմք, այլ Ստանիսլավ Գովորուխինը` «Վորոշիլովյան հրձիգ» եւ  «Ասսա»  ֆիլմերի ռեժիսորը: Ու հետեւաբար,  «Եդինայա Ռոսիա»-ի օրինակով դիմադրության պատճառները գիտակցող Պուտինի թիմն այս առումով Հայաստանի իշխանություններին միայն մեկ բան ունի ասելու` մի անգամ թողեք, թող ժողովուրդը հստակ ընտրություն անի: «Եւ այս առումով հայաստանյան մնացած ուժերի համար Ռուսաստանն ավելի հստակ է դառնալու եւ  լինելու է  հավասար հնարավորությունների դաշտ` անկախ նրանից` ընդդիմություն է, թե իշխանամետ»,-ասում է Սմբատ Կարախանյանը:
-Բայց պարզ է, որ իշխանությունն էլի գնալու է կեղծիքների, եւ այդ դեպքում Ռուսաստանն ինչպե՞ս է պահելու:
-Կարող եմ ասել, որ այս անգամ Ռուսաստանն առավելագույն ձեւով չի խառնվելու Հայաստանի ներքաղաքական կյանքին: Ռուսաստանը միայն մի հարցի է նայելու` շատ լավ հասկանալով, որ Հայաստանի ընտրություններում այս անգամ լինելու է ահռելի տեսակի եւ քանակի արեւմտյան մասնակցություն: Եւ, իմիջիայլոց, այդ մասնակցությունն այս անգամ հիմնականում գնալու է օլիգարխիայի եւ իշխանական կառույցների միջոցով: Այս անգամ ստեղծվելու է մի իրավիճակ, որ քրեաօլիգարխիկ շրջանակները, որոնք փոխարինել են պետական կառույցներին, փորձելու են առավելագույնս պոկել Հայաստանը Ռուսաստանից` բոլոր հնարավոր եւ անհնարին ձեւերով: Անսովոր թող չթվա, չնայած արդեն պարզ է դառնում, որ այսօրվա դրությամբ  հիմնականում այդ ներկայացվածությունը 50-50 է, այսինքն` եթե արեւմտյան ուժերը ներկայացված են ընդդիմադիր դաշտում շատ ավելի վառ, ապա ղեկավարվող արեւմտամետ ուժերը նույնչափ ներկայացված են իշխանությունում: Ռուսաստանը չի կարող էս ամեն ինչը չտեսնել, գուցե ինչ-որ ռուսական կոռումպացված չինովնիկներ այդ մասին չասեն, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանի ղեկավարությունը դա չի հասկանում:
-Այդ իրավիճակում հնարավո՞ր է, որ ՌԴ իշխանությունները Հայաստանի իշխանություններին պարտադրեն հնարավորինս շատ ռուսական ուղղվածության ուժեր մտցնել ԱԺ` փորձելով հակակշռել:
-Դա բացառվում է: Բնական է, ռուսամետ գործիչները կարող են ավելի շատ օգտվել ռուսական ԶԼՄ-ների ռեսուրսներից, բայց այստեղ միայն այդ հարցը կարող է լինել: Միակ նրբությունը Ռուսաստանի շահերն են, որ Հայաստանը, «տարբեր ասոցացված միությունների» մեջ մտնելով, միանգամից չմտնի Թուրքիայի տակ: Ա՛յ, էս պրոբլեմին Ռուսաստանը կարող է իր հնարավորությունների սահմաններում դիմադրի: Մնացած ամեն ինչը` Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, ՀՀԿ, ԲՀԿ, վարչապետ, իրարից  ռեսուրսներ խլել,  վերջացրած իշխանություն-ՀԱԿ առճակատմամբ, այս հարցերում ՌԴ-ն պահելու է հավասար  հեռացվածության քաղաքականություն:
-Կարո՞ղ եք անուններով նշել այդ արեւմտամետ օլիգարխներին:
-Հայաստանի ողջ օլիգարխիան` ինչքան էլ իրեն վիզա չտան, ինչքան էլ դերասանություն անեն: Որովհետեւ իրենց դոլարները ներդրված են արտասահմանյան արտարժույթի մեջ եւ արտասահմանյան բանկերում, եւ որոնց արեւմուտքը պատասխանատվության չի կանչում ու բացահայտում: Այդ գումարների 94 տոկոսը գնում է Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, ԱՄՆ, Հունաստան, Կիպրոս եւ օֆշորային բանկեր:
-Հիմա ՀՀԿ-ին կարելի՞ է դիտարկել որպես գլխավոր արեւմտամետ ուժ:
-ՀՀԿ-ի մեջ, բնական է, շատ տարբեր մարդիկ կան: Եւ մյուս կողմից,  քրեաօլիգարխիկ համակարգը Հայաստանում ստեղծել է մի իրավիճակ, երբ այդ քաղաքական ուժը`  որպես գաղափարախոսություն, կորցրել է իր դերը, դարձել մանր ու միջին չինովնիկների եւ օլիգարխների  մի հավաքածու, որն իշխանական ուժ է: Այնպես որ, որպես գլխավոր արեւմտամետ ուժ` այսօր իշխանական ճամբարն է, վերցնենք հենց  նախագահականը: Հիմա դրա անունը կարող ենք դնել հանրապետական, բայց մյուս կողմից, օրինակ, Վիգեն Սարգսյանը` նախագահի աշխատակազմի ղեկավարը, որը շատ արեւմտամետ է,  կամ կառավարությունը, կարելի՞ է անվանել ՀՀԿ:
-Ձեր ասածների համատեքստում կարելի՞ է հասկանալ ռուսական ազդեցության պաշտոնյաների հեռացումը ՀՀ ներքաղաքական դաշտից:
-Խոսքը, որքան հասկացա, Կարեն Կարապետյանների մասին է: Հստակ այսպես է. Հայաստանի իշխանությունները հանուն արեւմուտքի գնում են զոհողությունների:  Խոսքը թե՛ էլցանցերի, թե՛ ատոմակայանի, թե՛ կոմունիկացիաների մասին է: Ստեղ հարցը դրվում է այսպես. մենք անում ենք զոհողություններ, դուք գնահատե՛ք: Այսինքն`  ՀՀ իշխանություններն առավելագույնս գնում են արեւմտյան ուղղությամբ, եւ այն բազմավեկտորությունը, որ կար, հիմա ցույց են տալիս, որ կարելի է խախտել: Իսկ խախտում են, որ նրանց սիրտը շահեն, որ նրանք չգան, ասեն` դուք գող եք, ավազակ եք, ձեր գումարներն արտասահմանյան ակտիվներում են: Այդ մարդիկ իրենց բիզնեսն են շարունակում, որովհետեւ քաղաքականություն չկա, դա դարձել է բիզնես:

ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս