Քիչ առաջ Armlur.am-ին հաջողվեց նոր մանրամասներ իմանալ «Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալ Արթուր Սմբատյանի առողջական վիճակից:
Armlur.am-ին ահազանգած Ռոզա Սմբատյանը` դատապարտյալի մայրը, հայտնեց, որ որդու նկատմամբ շարունակում են բռնություններ կիրառել:
Ինչպես երեկ հայտնել էինք, Սմբատյանին «Դատապարտյալների հիվանդանոցից» անսպասելի ձևով տեղափոխել են «Վանաձոր» ՔԿՀ, որից հետո էլ նա ոտքերը մեխել էր: Արդեն երեկոյան, երբ ԶԼՄ-ներում տարածվեց դատապարտյալի ինքնավնասման մասին լուրը, Արթուր Սմբատյանին տեղափոխեցին «Դատապարտյալների հիվանդանոց», սակայն մի քանի ժամվա ընթացքում նրան հիվանդանոցից դուրս են հանել և տարել:
Քիչ առաջ պարզ դարձավ, որ դատապարտյալ Արթուր Սմբատյանին բերել են «Դատապարտյալների հիվանդանոց», ոտքերից հանել են մեխերը: Ապա հիվանդանոցի բժիշկները հրաման են ստացել, որ նրան պետք է տեղափոխեն մեկուսարան և ոչ թե հիվանդասենյակ:
Բժիշկը հայտնել է, որ նրա կյանքին վտանգ է սպառնում, ձախ ոտքը ծանր վիճակում է գտնվում, և մեկուսարանում պահելը վտանգավոր է: Սակայն արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության տեղաբաշխման հանձնաժողովի նախագահ, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանը շարունակում է պնդել, որ նրան պետք է տեղափոխեն մեկուսարան:
Ինչպես հայտնում են մեր աղբյուրները, Ռաֆայել Հովհաննիսյան անուն-ազգանունով այս պաշտոնյան, բժշկին ասել է. «Գրեք, որ վիճակը լավ է ու տեղափոխեք կարսեր, հիվանդանոցում մի պահեք»:
Բժիշկը հրաժարվել է նման բան գրելուց, սակայն ինչպես հրամայել է Ռաֆայել Հովհաննիսյանը, դատապարտյալին տեղափոխել են «Վանաձոր» ՔԿՀ:
Դատապարտյալ Արթուր Սմբատյանը խնդրել է, որ ՔԿՀ տեղափոխելու փոխարեն, նրան գոնե տանեն Վանաձորի քաղաքային հիվանդանոց, քանի որ ինքն իրեն լավ չի զգում, սակայն վերջինիս խնդրանքը չեն կատարել` նման հրահանգ չստանալու պատճառով:
Քիչ առաջ մեր խմբագրություն ահազանգած դատապարտյալի հարազատները հայտնեցին, որ իրենց որդին այս պահին ոչ «Վանաձոր» ՔԿՀ-ում է գտնվում, ոչ էլ Վանաձորի քաղաքային հիվանդանոցում: Նրանց համար դեռևս անհայտ է, թե որտեղ են պահում իրենց որդուն:
Armlur.am-ը կփորձի մանրամասներ իմանալ դատապարտյալի գտնվելու վայրից:
Տաթև Հարությունյան