Ապրիլի 24-ից մայիսի 12-ը Բուենոս Այրեսում ընթանում է գրքի 40-րդ Միջազգային ցուցահանդեսը: 40-ից ավելի երկրների թվում առանձին տաղավարով ներկայացված է նաև Հայաստանը, և մայիսի 1-ին ավանդաբար նշվեց Հայաստանի Հանրապետության օրը:
Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ և Արգենտինայի «Հայ կենտրոնի» օժանդակությամբ ցուցահանդեսի «Խոսե Էրնանդես» սրահում կայացավ օրվա կենտրոնական միջոցառումը, որին ներկա էին ավելի քան 1600 հանդիսականներ: Բացման խոսքով հանդես եկավ Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը:
Ելույթներ ունեցան Բուենոս Այրեսի քաղաքային խորհրդի՝ Մարդու իրավունքների և մշակութային բազմազանության հարցերով փոխքարտուղար Կլաուդիո Ավրուխը և թուրք մտավորական և ակտիվիստ, մարդու իրավունքների պաշտպան Ռագիփ Զարաքոլուն:
Իր ելույթում դեսպան Մելիքյանը, մասնավորապես, նշեց. «Արդեն 40 տարի շարունակ Բուենոս Այրեսում անցկացվող Գրքի միջազգային ցուցահանդեսը վերածվում է յուրօրինակ ու գեղեցիկ մի տոնի, որը ոչ միայն հնարավորություն է տալիս տարբեր ազգերի ներկայացուցիչներին ծանոթանալու համաշխարհային գրականությանը, այլ նաև իր մեջ կրում է մարդկանց գրքին մոտեցնելու, գրքի նկատմամբ սեր արթնացնելու, միջմշակութային երկխոսություն ծավալելու, փոխըմբռնում և հանդուրժողականություն խրախուսելու խորհուրդը»։
Փոխքարտուղար Կլաուդիո Ավրուխն իր ելույթում անդրադարձավ հայ – արգենտինյան քաղաքական և մշակութային հարաբերություններին, Արգենտինայում հայ համայնքի դերին ու նշանակությանը՝ կարևորելով համայնքի արժեքավոր ներդրումը երկրի քաղաքական, հասարակական և մշակութային կյանքում:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման խնդրին, ինչպես նաև այդ ուղղությամբ Արգենտինայի իշխանությունների հետևողական քայլերին` Կլաուդիա Ավրուխը տեղեկացրեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` Բուենոս Այրեսի քաղաքային իշխանությունների որոշմամբ մայրաքաղաքի «Պալերմո» թաղամասում անվճար տարածք կհատկացվի Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման համար:
Թուրք լրագրող, մտավորական Ռագիփ Զարաքոլուն, իր ելույթում դատապարտելով Օսմանյան Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության իրականացումը, ինչպես նաև Թուրքիայի ներկայիս իշխանությունների կողմից վարվող ժխտողական քաղաքականությունը, անդրադարձավ Ցեղասպանության նահատակ հայ մտավորականների՝ Ռուբեն Սևակի, Սիամանթոյի, Դանիել Վարուժանի, Գրիգոր Զոհրապի և այլոց դաժան սպանություններին:
Ներկաներին նա տեղեկացրեց նաև, որ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» պատմավեպի թուրքերեն թարգմանությունն ու հրատարակությունը կատարվել է իր կողմից, որի համար նա թուրքական ինքնությունը վիրավորելու մեղադրանքով դատապարտվել է ազատազրկման:
ՀՀ արտաքին գործերի նախարարություն