ԱԺ առաջիկա ընտրությունների նախաշեմին սկսել Է ավելանալ ՀՀԿ-ին սատարելու անզուսպ ցանկությամբ տոչորվողների թիվը: Ընդ որում, ՀՀԿ-ին սատարել ցանկանում են ո՛չ ավել, ո՛չ պակաս, այլ կուսակցությունների ներկայացուցիչներ: Ակնհայտ է, որ իրենց ցանկությունն էլ արտահայտում են ոչ թե Սերժ Սարգսյանի «սիրուն աչքերի համար», այլ՝ իշխանական կերակրատաշտին առավել մոտ գտնվելու, իսկ եթե հաջողվի՝ խորհրդարանում պատգամավորական մանդատ ունենալու թաքուն նպատակով:
Ամիսներ առաջ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն էր հայտարարել իր կուսակցության գործունեությունը սառեցնելու եւ առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ին աջակցելու պատրաստակամության մասին: Ավելին, Հայրիկյանը ՀՀԿ-ին էր փոխանցել իր ծրագիրը՝ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը ստանալու համար: Երեկ էլ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանն է հայտարարել, որ ԱԺ առաջիկա ընտրություններում սատարելու է ՀՀԿ-ին:
Իհարկե, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Խոսրով Հարությունյանն ասաց, որ ՀՀԿ հետ համագործակցության արդյունքում ինքն այդ ամենը չի անում հանուն մանդատի, այլ գաղափարական ընդհանրություններ ունի այդ կուսակցության հետ: «2008թ. սկսված համագործակցությունը ոչ թե 2012թ. պատգամավոր դառնալու նպատակ ուներ, որովհետեւ ինձ հավանաբար նման ցանկությամբ չեք գայթակղի, այլ պայմանավորված էր գաղափարախոսական ընդհանրությամբ»,-փորձեց արդարանալ նա: Ու որպեսզի իր խոսքերն ավելի համոզիչ լինեն, Խ.Հարությունյանը հետեւյալ կերպ մեկնաբանեց ՀՀԿ-ին աջակցելու իրենց պատկերացումները. «Մենք կարող ենք ընդգրկվել ՀՀԿ շտաբի աշխատանքներում, մեր կուսակցականներն աջակցեն ՀՀԿ-ին ողջ նախընտրական ընտրարշավում»: Ինչ վերաբերում է նախընտրական դաշինք կազմելու հավանականությանը, ապա Խ.Հարությունյանը դա չհերքեց՝ նշելով, որ այն պայմանավորված կլինի առաջիկա քաղաքական գործընթացներով:
ՀՀԿ հետ համագործակցելով ԱԺ մանդատ չուզելու իր մտադրության մասին բարձրաձայնեց նաեւ Պ.Հայրիկյանը: Վերջինս «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ ՀՀԿ-ին իր ծրագիրն է ներկայացրել, բայց առ այսօր դրա պատասխանը չի ստացել: Բայց դա, ըստ նրա, չի նշանակում, որ ինքն այդպես բարձրացնում է ՀՀԿ հետ ընտրությունների գնալու, համամասնական ցուցակում տեղ ունենալու հարցը:
Մի կողմից ՀՀԿ-ին սատարելու, բայց մյուս կողմից որեւէ ակնկալիք չհետապնդելու մասին հայտարարություններն, իհարկե, պատահական չեն. քանի դեռ ՀՀԿ-ում որեւէ պաշտոնական որոշում չկա ԱԺ ընտրություններին մասնակցության ձեւաչափի վերաբերյալ, մատուցվելիք ծառայությունների մասին արվում են նուրբ, անուղղակի ակնարկներ: Ավելին, դժվար չէ ենթադրելը, որ առաջիկայում ԱԺ մանդատի համար ՀՀԿ-ին սատարելու ցանկություն հայտնող կուսակցությունների թիվը գնալով կշատանա. ի վերջո, Սերժ Սարգսյանի մոտ հերթի կանգնած «հաճախորդների» թիվն այնքան էլ քիչ չէ: Միայն թե, ուշագրավն այն է, որ առ այսօր հնչել են ընդամենը «ինքնաառաջադրումներ», սակայն ՀՀԿ-ն որեւէ կերպ չի արձագանքում առաջիկա ընտրություններում իրեն սատարել ցանկացող կուսակցությունների ներկայացուցիչներին: Ավելին, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց. «ՀՀԿ-ն որեւէ մեկի համար տրամպլին չի հանդիսացել ու չի հանդիսանա: Այս ընթացքում ՀՀԿ-ն որ քաղաքական գործչի կամ քաղաքական ուժի հետ համագործակցել է, եղել է խիստ հիմնավորված՝ ի շահ Հայաստանի խնդիրների լուծման»: Մյուս կողմից, իհարկե, Շարմազանովը նշեց, թե ՀՀԿ-ն ունի շատ համախոհներ ոչ միայն անկուսակցական գործիչների, այլեւ այլ կուսակցությունների լիդերների մեջ:
Ընդ որում, իրենց համար դա ամենեւին էլ նորություն չէ, այլ ՀՀԿ ցուցակով ԱԺ պատգամավոր են դարձել տարբեր կուսակցությունների ղեկավարներ կամ անկուսակցականներ: Միայն թե առաջիկա ընտրությունների վերաբերյալ ՀՀԿ-ում դեռ պաշտոնապես չեն քննարկել իրենց ռազմավարության, մարտավարության եւ ցուցակների հետ կապված հարցերը:
Ի դեպ, «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ ՀՀԿ-ում դեռեւս կոնկրետ որոշում չունեն առաջիկա ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, ու թերեւս դրանով է պայմանավորված նաեւ ՀՀԿ համագումարը հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներին անցկացնելու իրենց մտադրությունը: Բանն այն է, որ դեռեւս քաղաքական օրակարգում է կոալիցիոն կուսակցությունների՝ մեկ ցուցակով գնալու հարցը: Որքան էլ կոալիցիոն ուժերը պնդեն հակառակի մասին, այնուամենայնիվ, այդ տարբերակը բացառված չէ:
Այս բոլոր հարցերն իրենց վերջնական պատասխանը կստանան մարտին Ռուսաստանում կայանալիք ընտրություններից հետո: Ինչպես հայտնի է, ՌԴ-ի ազդեցությունը հայաստանյան քաղաքական կյանքում շատ ավելի մեծ է, քան կարելի է պատկերացնել:
ՀՀԿ-Ն ԿՍՊԱՍԻ ՄԻՆՉԵՎ ՄԱՐՏ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ