ՁԵԹՆ ԻՐՈՔ ԺԱՄԿԵՏԱՆՑ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամանորի կապակցությամբ սոցիալապես անապահով խավերին կառավարության կողմից տրամադրվելիք ձեթի՝ ժամկետանց լինելու մասին «Ժողովուրդ»-ի հրապարակումը մեծ աժիոտաժ էր առաջացրել իշխանական ճամբարում: Ինչպես եւ սպասվում էր՝ իշխանությունները միանգամից շտապել են հերքել այդ հրապարակումը՝ համոզելով, որ իրենց ձեթն ամենեւին էլ ժամկետանց չէ: Միայն թե՝ այդ հերքումներով իշխանություններն էլ ավելի ծիծաղելի դրության մեջ են դրել իրենց` ըստ էության որեւէ բան չհերքելով:
Ուշագրավը վարչապետի մամուլի խոսնակ Արամ Անանյանի հերքումն էր: «Անհեթեթություն». Tert.am-ի հետ զրույցում որակել է Անանյանը «Ժողովուրդ»-ի հրապարակումը: Թե կոնկրետ հրապարակված որ փաստն է անհեթեթություն, անհասկանալի է, որովհետեւ Անանյանը որեւէ հակափաստարկ կամ առարկություն չի ներկայացրել փաստերից որեւէ մեկի մասին: Նման գործելաոճն, իհարկե, նորություն չէ կառավարության համար. ամեն անգամ, երբ նրանք չեն կարող հերքել որեւէ փաստ, միանգամից այն հռչակում են «անհեթեթ» ու այդպես թեման համարում փակված:
Փոխարենը արտակարգ իրավիճակների նախարարությունն է փորձել կատարվածին հնարավորինս բանական մեկնաբանություն տալ: Ըստ ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանի՝ ձեթը ժամկետանց չէ, այն Հայաստան է բերվել ՌԴ-ից՝ 2010թ. սեպտեմբերին, արտադրվել է ՀՀ ներկրվելուց մեկ շաբաթ առաջ եւ ունի երկու տարվա պիտանելիության ժամկետ, որն էլ կավարտվի հաջորդ տարվա սեպտեմբերին: Թվում է, թե ԱԻ նախարարությունը փաստարկված հերքել է մեր հրապարակումը: Բայց դա միայն թվում է: Բանն այն է, որ ՀՀ կառավարության՝ հուլիսի 14-ի եւ դեկտեմբերի 15-ի որոշումների մեջ խոսքը ոչ թե 2010, այլ 2009թ. ՌԴ կառավարության կողմից որպես մարդասիրական օգնություն Հայաստանին տրամադրված 1000 տոննա ձեթի մասին է: Այսինքն՝ միգուցե 2010թ. սեպտեմբերին Հայաստան ՌԴ-ից բուսական յուղ է ներկրվել, բայց կառավարության որոշումների մեջ խոսքը 2009թ. ՌԴ կառավարության հատկացրած ձեթի մասին է:
Երբ Նիկոլայ Գրիգորյանին խնդրեցինք մեկնաբանել այս փաստը, վերջինս ասաց, որ զանգահարենք հինգ րոպեից: Եւս հինգ րոպե անց պարզաբանեց, որ կառավարության որոշման մեջ տեխնիկական վրիպակ է եղել, եւ որ 2010թ. փոխարեն է գրված 2009թ.: Համաձայնեք՝ սա ծիծաղելի է հնչում. խոսքը ոչ թե մի հասարակ տեղեկանքի կամ նամակի մասին է, այլ ՀՀ կառավարության որոշման, որը քննարկվել եւ ընդունվել է երկրի գործադիր մարմնի անդամների կողմից: Ընդ որում, մի որոշում, որը կազմվել է հուլիսին ու փոփոխությունների ենթարկվել դեկտեմբերին: Այսինքն՝ եթե անգամ հավատանք, որ դա իրոք տեխնիկական վրիպակ է, ապա զարմանալի է, թե ինչու այն չի ուղղվել դեկտեմբերին՝ կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելիս: Այդ ժամանա՞կ էլ չեն նկատել «վրիպակը»:
Իսկ եթե իրոք այդպես է, ապա այսքանից հետո պետք է թերահավատորեն մոտենալ կառավարության բոլոր որոշումների բոլոր փաստական տվյալներին, որովհետեւ մյուսներում եւս բացառված չեն նման «տեխնիկական վրիպակները»:
Բայց ուշագրավն այն է, որ ՀՀ-ին 2009թ. ձեթ տրամադրված լինելու մասին վկայում են նաեւ այլ անուղղակի փաստեր. ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքում տեղադրված տարեկան հաշվետվությունների մեջ 2010թ. որեւէ երկրի ձեթի տեսքով հումանիտար օգնություն տրամադրելու մասին չկա բառ անգամ, փոխարենը ՌԴ ԱԻՆ-ը հումանիտար նման օգնություն տրամադրել է 2009թ.-ին: Ինչը նշանակում է, որ իսկապես աղքատներին բաժանվելիք ձեթը ժամկետանց է:
Եւս մեկ ուշագրավ փաստ. մասնագետների վկայությամբ՝ բուսական յուղի պիտանելիության ժամկետ է սահմանված 6 ամսից մեկ տարի, իսկ ինչ-ինչ հավելումների առկայության դեպքում այն կարելի է երկարաձգել մինչեւ մեկ տարի ութ ամիս:
Ինչ վերաբերում է տեխնիկական վրիպակին, ապա այդպիսի «անհեթեթ» իրավիճակներ ՀՀ կառավարության ղեկավարն ինքը հաճախ է ստեղծում իր շուրջ: Նա մարզահամերգային համալիրում ելույթ էր ունենում հարբած, հետո հայտարարեց, որ տեսագրությունը «ձայնային խոտան է», կազմակերպիչները թերացել են, իր պապը հարգում է հարբեցողներին եւ այլն: Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրն իշխանություններին մեղադրում է ներքին ցեղասպանություն իրականացնելու մեջ, միանգամից հերքում են, թե «սխալ թարգմանություն էր»: Հիմա պարզվում է՝ կառավարության որոշման մեջ «տեխնիկական վրիպակ է»: Լավ, իսկ ինչքա՞ն կարող է տեւել այս անհեթեթ իրավիճակը: Ինչքա՞ն կարելի է փաստերի դեմ արդարացումներով, այլ ոչ թե փաստարկներով «կռվել»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս