ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՎՆ Է, ԲԱՅՑ ԳՈՐԾ ՉՈՒՆԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկար ժամանակ է, ինչ մեր երկրում խոսվում է Ռուսաստանի Դաշնության  նախաձեռնած Մաքսային միությանը միանալու անկարեւորության մասին: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ Հայաստանը չի կարող միանալ Մաքսային միությանը, քանի որ ընդհանուր սահման չունի միության անդամ երկրների հետ: Հիշեցնենք, որ Մաքսային միության անդամ են Ռուսաստանը, Ղազախստանը եւ Բելառուսը:
Այս թեմայի առիթով ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը հայտարարեց, որ Հայաստանը չի ցանկանում դառնալ Մաքսային միության անդամ, քանի որ այդպես կվտանգվեն հայրենի օլիգարխների շահերը: Այսինքն` այլեւս անհնար կլինի չմաքսազերծված ապրանքների ներկրումը Հայաստան:

ՀԱՐՑ. Ըստ Ձեզ` Հայաստանը պետք է միանա՞ Մաքսային միությանը, թե՞ ոչ:  

ՊԱՏԱՍԽԱՆ. Մենք ուղղակի հնարավորություններ չունենք մասնակցելու` ո՛չ տնտեսական, ո՛չ աշխարհագրական: Ես գիտեմ, որ վարչապետը նման բան չի ասել, կամ ասել է մինչեւ այն պահը, երբ ստորագրեցին այդ համաձայնագիրը միասնական, տնտեսական տարածքի միջեւ:  

ԲԱԳՐԱՏ ԱՍԱՏՐՅԱՆ
տնտեսագետ

ՊԱՏԱՍԽԱՆ. Դուք ո՞նց եք տեսնում, ո՞նց կարող է միասնական սահման ունենալ: Ցանկալի հարց է, բայց այնքան էլ այդպես չէ, որ Հայաստանի համար դա լավագույն տարբերակն է, որովհետեւ մենք միասնական մաքսային սահման չունենք, որ դա իրականացնենք: Մեր կառավարությունը երկկողմանի պայմանագրերն առավելագույնս իրականացրել է, եւ քանի որ չկա ընդհանուր մաքսային սահման, Հայաստանի համար ներկա պարագայում դա անիրագործելի է:

ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ


ՊԱՏԱՍԽԱՆ. Մաքսային միությունը Ռուսաստանի եւ մի քանի այլ պետությունների միջեւ ինքնուրույն երեւույթ չէ, դա ընդհանուր քաղաքականության մի մասն է: Էնպես որ, ընդհանուր Եվրոպական միության հետ որոշակի գիծ է մշակվում արժութային համակարգի եւ այլ բաների մասին, էդ շրջանակներում կարող է նաեւ այդ հարցին անդրադարձ լինել: Մաքսային միության հարցն առանձին հարց չէ, որովհետեւ դա Ռուսաստանը կնքել է Ղազախստանի, Բելառուսի հետ: Ուրեմն հարաբերությունների նույն մակարդակն ու համաձայնությունը պետք է ունենանք, որ միանանք: Տիգրան Սարգսյանը ոչ թե ասում է` պետք չէ, այլ հնարավոր չէ, որովհետեւ ընդհանրապես ցանկացած պետության ձեռնտու է շուկաներ ունենալ եւ շուկաներ տրամադրել: Մանրամասներին ծանոթ չեմ, այնպես որ, թո՛ւյլ տվեք այսքանով բավարարվել:  

ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ
ԱԻՄ նախագահ  


ՊԱՏԱՍԽԱՆ. Դեռ շուտ է դրա մասին խոսել: Նրանք, ովքեր միացել են, կտեսնենք` ինչ են անում, ուր են գնում, ինչ քաղաքականություն են վարում, որ տեսնենք` ինչ է դա իրենից ներկայացնում: Դեռ չի շոշափվել, նման հարց չի էլ քննարկվել:

ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆ
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ  
Պատրաստեց ՆԱԻՐԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ




Լրահոս