ՄԵՆՔ ՄԻԱՅՆ ԿԱՐԵԿՑՈՒՄ ԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրը եւ ԶԼՄ-ները» գրքի` «ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա հետ կապված միջոցառումները կարելի է սկսել նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 1-ը, որը ԱՀԿ-ի առաջարկությամբ կոչվում է ՁԻԱՀ-ի կանխարգելման համաշխարհային շաբաթ»: Հետեւելով այս կարգախոսին` պետք է հասկանալ, որ ողջ տարվա ընթացքում անհրաժեշտություն չկա խոսելու 20-րդ դարից մեզ «փոխանցված» այս ահավոր ժանտախտի մասին: Այսքան փոքր հանրապետությունում, ինչպիսին մերն է, չափազանց շատ են թե՛ հեպատիտով (C, B), թե՛ ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ով հիվանդները: Ինչո՞ւ չի կարելի ավելի հաճախակի անդրադառնալ հիվանդության կանխարգելման ու հետեւանքների լուսաբանման հարցերին: Խնդիրը կարեւորվում է նրանով, որ հատկապես երիտասարդությունը պետք է ամենայն մանրամասնությամբ տեղեկացված լինի ինչպես ՁԻԱՀ-ի վտանգի, այնպես էլ դրա դեմ ճիշտ պայքարի կազմակերպման մասին: Ինչո՞ւ հատկապես երիտասարդությունը, որովհետեւ բոլոր ժամանակներում իր վարքագծով առավել խոցելի խումբը երիտասարդությունն է: Չէ՞ որ կանխարգելումն ավելի հեշտ է, քան բուժումը:
Ի դեպ, բուժման մասին: Մինչեւ այժմ աշխարհի ոչ մի երկրում ՁԻԱՀ-ի արդյունավետ բուժում չկա: Հետեւաբար, պետք է զբաղվել եղած հիվանդների` եթե ոչ հասարակությունից մեկուսացման, ապա գոնե որոշ աշխատանքներում նրանց ներգրավումը սահմանափակելու հարցերով: Խնդիրը վերաբերում է սննդի օբյեկտներում աշխատող որոշ մարդկանց: Այսպես, կառավարության թիվ 347 որոշման հիման վրա սննդի եւ նրան հավասարեցված օբյեկտների աշխատողները ենթարկվում են բուժզննման` համաձայն իրենց ժամանակացույցի` 1 տարի, 6 ամիս, 3 ամիս եւ այլն: Հիվանդ կամ կասկածյալ (վիրուսակիր) հայտնաբերվելու դեպքում միանշանակ տեղեկացվում է համաճարակաբանին, որն էլ տվյալ անձին հետազոտելուց հետո որոշում է կայացնում աշխատանքից ազատելու կամ թողնելու մասին: Կենտրոնի տնօրեն Ս.Գրիգորյանը զրույցի ընթացքում հայտնեց, որ թեեւ մեր հանրապետությունում շատ է նման հիվանդների թիվը, սակայն կանխելու միակ ճանապարհը տեղեկացված լինելն է:
Ի դեպ, տեղին է նշել, որ մինչեւ ԽՍՀՄ-ի փլուզվելը, ոստիկանությունը թափառաշրջիկներին եւ վարքից թույլ մարդկանց տեղափոխում էր նախատեսված հիվանդանոց, ուր ոչ միայն ստուգում, այլեւ բուժում էին: Գուցե շրջապատն ու հարազատները տեղեկացվում էին այդ մասին, սակայն դա էլ իր դրական արդյունքն ուներ: Կառավարությունը մի դեպքում որոշում է կայացնում վարակը կանխելու մասին, մյուս դեպքում չի սահմանափակում նրանց իրավունքները հասարակական կյանքում` անունը դնելով մարդասիրություն կամ կարեկցանք` հիվանդությունը թաքցնելով հարազատներից: Չէ՞ որ վարակակիրն ապրում է կնոջ (ամուսնու) հետ` վարակելով նաեւ նրան, երբեմն էլ նոր սաղմնավորվող երեխային: Մեր այն հարցին, թե ինչու չեն արգելվում նման շփումները, պատասխանեցին, որ հիվանդներն իրենք են որոշում, իսկ «մենք չենք կարող սահմանափակել նրանց իրավունքները: Մենք միայն կարեկցում ենք եւ տեղեկացնում հիվանդության մանրամասներին»: «Հիվանդության գաղտնազերծումը վարակակրի հանդեպ կարող է ծնել խտրական վերաբերմունք, որի հետեւանքով հիվանդը կարող է կորցնել աշխատանքը եւ զրկվել ապրուստի միջոցից…»,-պարզաբանեց կենտրոնի տնօրենը: Ահա նման որոշման «շնորհիվ» մենք չգիտենք, թե ում հետ ենք շփվում եւ հետագայում ինչի առաջ կհայտնվենք: Դրա համար էլ ավելի ձեռնտու է հանդես գալ կարեկցողի դիրքերից: Թող  շատանան նման հիվանդները, չէ՞ որ  դա էլ յուրատեսակ բիզնես է:  Մեր այն հարցին, թե որքան է ծախսվում յուրաքանչյուր հիվանդի վրա, տնօրենը պատասխանեց. «Նվազագույնը` օրական 15 դոլար»: «Ինչո՞ւ նման հիվանդներին չի արգելվում սննդի օբյեկտներում աշխատելը (մենք ստույգ գիտենք, որ մի քանիսն անմիջական շփում ունեն սննդարտադրության հետ, նույնիսկ ձուկ մաքրող կա, մի քանիսն իրենք ունեն սրճարան, դեղատուն), քանի որ նման հիվանդն անզգուշորեն կարող է վնասել ձեռքը եւ արյունը խառնել սննդի հետ` դրանով իսկ վարակելով առողջներին»,-հարցին կենտրոնի տնօրենը պատասխանեց. «Եթե Դուք իմանաք, որ Ձեր ծանոթներից մեկը ՁԻԱՀ-ով հիվանդ է, նրան կհամբուրե՞ք կամ ձեռքով կբարեւե՞ք»:
«Ժողովուրդ»-ն անկեղծորեն պատասխանեց` ո՛չ: «Հիմա հասկացա՞ք, թե ինչու նրանց չենք մեկուսացնում հասարակությունից, գաղտնի ենք պահում նույնիսկ հիվանդի հարազատներից,-պատասխանեց տնօրենը եւ ավելացրեց,-աշխատանքից չենք ազատում շատ պարզ պատճառով. դրանով է պահում ե՛ւ հարազատներին, ե՛ւ հոգում իր ծախսերը: Ուստի մեզ մնում է միայն կարեկցել նրանց, չէ՞ որ կարճ ժամանակ է մնում նրանց ապրելուն»: Ակամա մտածեցինք, որ այսօրինակ մարդասիրությունն ավելի շուտ նման է մարդատյացության:
     ՍՊԻԴ անունով հայտնի հիվանդությունը, ինչպես տեսնում եք, ոչ միայն արժանացել է պետական հովանավորության, այլեւ դարձել է շահութաբեր բիզնեսի մի ձեւ: Գրեթե նույն «ճակատագիրն» ունի նաեւ «հեպատիտ Բ եւ Ց» կոչվող հիվանդությունը, որը նույնպիսի սոցիալական չարիք է, ինչպիսին ՉԻԱՀ-ն է: Ց-ն 90%-ի դեպքում մոտ 6 ամիս ինկուբացիոն շրջան է անցնում, մինչեւ արտահայտիչ դառնալը, իսկ Բ-ն թեթեւակիորեն է արտահայտվում. թուլություն, ցավեր լյարդի շրջանում, ախորժակի կորուստ, դեղնություն աչքի շրջանում, իսկ բուժման մեկ կուրսը 15 հազար ԱՄՆ դոլար է, որը թերեւս կարող է հաստատուն չլինել. մի մասնագետ ժխտում է բուժումը, մյուսը` հաստատում: Իրականում այն չի բուժվում: Պարզապես կուլտուրական թալան է կազմակերպվում…
Ի դեպ, կանխարգելման հարցով ՀՀ կառավարությունը հրաշալի որոշումներ է կայացնում, պարզապես դրանք կիրառող չկա: Նշեմ մեկ օրինակ. կառավարության թիվ 347 որոշման համաձայն` վարսավիրանոցների, առեւտրի եւ սննդի օբյեկտների, դեղատների, հիվանդանոցների, ծննդատների աշխատողները, ատամնաբույժները պարտավոր են ամիսը մեկ անգամ անալիզներ հանձնել: Սակայն արդյո՞ք հանձնում են:
«Ժողովուրդ»-ը, ինչպես նաեւ միլիոնավոր մարդիկ, ողջախոհ կհամարեն այն միտքը, որ միայն կարեկցելով` ցավին դարման չես անի: Գործել է պետք: Պետականորեն: Գուցե թոշակ նշանակվի նման հիվանդներին, եւ բուժումը ձրի կատարվի, որպեսզի նրանք ստիպված չլինեն իրենց բուժման ծախսերը եւ ընտանիքի կարիքները հոգալու համար աշխատել` դրանով իսկ վտանգի տակ դնելով ուրիշների առողջությունը:

ԹԵՐԵԶԱ ԱՍԱՏՐՅԱՆ




Լրահոս