17 ռուբլու պատճառով զրկվել է աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու մասին օրենքը: Թե  ինչպիսի ազդեցություն կունենա այն Հայաստանից մարդկանց արտահոսքի առումով` թերևս  դժվար չէ կանխատեսել: Իսկ  մինչ այդ ՀՀ Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների բնակիչներ, ովքեր մշտապես արտագնա աշխատանքի են մեկնել, այս տարի տարբեր  մանր խնդիրների պատճառով զրկվել են մի կտոր հաց վաստակելու այդ ճանապարհից: Նկատենք, որ այս պատկերը ոչ միայն Գեղարքունիքում է, այլև` ՀՀ մյուս մարզերում:

Ըստ նոր օրինագծի՝ այն օտարերկրացիները կամ նրանց հարազատները, ովքեր բնակվում են կամ բնակվել են ՌԴ տարածքում կամ նախկին ԽՍՀՄ-ում և Ռուսական կայսրության տարածքում (ժամանակակից Ռուսաստանի սահմաններում), վարժ տիրապետում են ռուսերենին, կարող են հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալ 3 ամսվա ընթացքում: Հատուկ հանձնաժողովի կողմից հարցազրույցի միջոցով ստուգվելու  է օտարերկրացիների ռուսերենի իմացությունը: Ի դեպ, պարտադիր պայման է այլ պետության քաղաքացիությունից հրաժարվելը, իսկ ՌԴ քաղաքացիություն ստանալ ցանկացող անձը պետք է բնակվի Ռուսաստանում:

Մինչ ՌԴ նախագահը պատրաստվում էր ստորագրել այս օրինագիծը, օրեր առաջ Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների բնակիչներ, ովքեր մշտապես մեկնել են ՌԴ` արտագնա աշխատանքի, բողոքի ակցիա են կազմակերպել և փորձել ճանապարհը փակել:

Լիճք համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ներկայացրեց  ակցիայի  շարժառիթները.   «Պատճառները բազմաթիվ են. այնտեղ մեկը չի գրանցվել, մյուսն աշխատանքային համապատասխան թույլտվությունը չի ունեցել, մեկը մեքենա վարելիս ինչ- որ խախտում է արել և չի վճարել դրա տույժն ու տուգանքը: Բոլորի հետ զրուցել եմ ու վստահեցնում եմ ձեզ, որ նրանք լուրջ հանցանք չեն կատարել: Բայց, ամեն դեպքում, պետք է մարդիկ այդ երկրի օրենքներով շարժվեին, չեն ենթարկվել: Չեն իմացել, ընկել են թյուրիմացության մեջ, ինչի պատճառով էլ հայտնվել են տհաճ և անելանելի վիճակում»:

Գյուղապետից տեղեկացանք նաև, որ մարզպետարանից պահանջել են ներկայացնել արտագնա աշխատանքի մեկնածների թույլ տված խախտումների ցուցակը:

«Տեսնենք, կարո՞ղ է մարզպետն այս հարցին ինչ- որ լուծում տալ, թե՞ ոչ: Կան մարդիկ, ովքեր նույնիսկ ընտանիքի անդամներով են գնում ու ամիսներ անց հետ գալիս: Չեն կարող առանց այդ աշխատանքի, չէ որ իրենց բերած գումարից օգտվում են նաև մյուսները: Այս խնդիրը լուծելու հարցում մենք բոլորս էլ պետք է շահագրգռված լինենք»,- ասաց համայնքի ղեկավարը: Նրա  տեղեկացմամբ` դժգոհող քաղաքացիների հետ հանդիպել և զրուցել է նաև մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

Ինքը` Գեղարքունիքի մարզպետը,  «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ անճշտություններ կան, ինչի համար էլ փորձում են օգնել մարդկանց:

Իսկ ՀՀ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանի տվյալներով, այս պահին 35 հազար  ՀՀ քաղաքացիների մուտքը ՌԴ արգելված է:  «Նրանք ՌԴ-ի օրենսդրությունը խախտած քաղաքացիներ են և իրենք են որոշել, որ նման կանոնների խախտման դեպքում այդպիսի միջոց կիրառեն: Դա առանձին պետության որոշման հարցն է: Իրենց ինքնիշխան իրավունքի հարցն է»,- ասաց Եգանյանը:

Կարո Միսակյանը տասը տարուց ավելի է, ինչ մեկնում է ՌԴ` արտագնա աշխատանքի:

Նա արդեն պարզել է, թե իրեն ինչու են երկու տարով արգելել մուտք գործել ՌԴ. «Անցյալ տարի ես ունեի այնտեղ ապրելու մեկ տարվա գրանցում, և գործերի բերումով այնպես ստացվեց, որ գրանցման ժամկետն արդեն լրացել էր ու ես ստիպված մի ամիս ավելի մնացի: Բայց դրա համար, իհարկե, 1000 ռուբլի վճարեցի: Այնտեղ ապրող իմ հարազատները փոխանցեցին, որ կարող եմ գնալ դիմում գրել և վճարածս գումարը հետ կտան: Բայց հիմա չեմ կարողանում գնալ ու իմ խնդիրները լուծել: Որդիս այնտեղ է, նրան օգնել է հարկավոր»:

Նշենք, որ կան մարդիկ, ովքեր տոմսերը վաղուց գնել են, բայց ՌԴ-ում ապրող իրենց ծանոթները հետաքրքրվել և պարզել են, որ նրանց մուտքը նույնպես ժամանակավորապես արգելված է:

Դժգոհող քաղաքացիներից մեկը` 32-ամյա Գևորգը, «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ մեքենան սխալ կայանելու և դրա հետ կապված այլ խախտումների համար տուգանվել է: Նա այդ տուգանքները վճարել է, ավելին` ունի նաև դա հաստատող կտրոնները: Սակայն, չգիտես ինչու, Գևորգին նույնպես արգելված է երկու տարի ժամկետով մուտք գործել ՌԴ տարածք:

Իսկ ամենաարտառոց դեպքն այն է, որ քաղաքացիներից մեկը ՌԴ-ում աշխատելու ամիսներին օգտագործելով հեռախոս, պարտք է մնացել 16-17 ռուբլի, ինչի համար էլ  նրան արգելել են ՌԴ մուտք գործել:

«Այնքան թյուրիմացություններ կան, չեք պատկերացնի, թե ինչքան նման թեթև խախտումների պատճառով են մեզ զրկում մի կտոր հաց վաստակելուց: Այ մարդ, հետ կանչեք, այդ 17 ռուբլին ի՞նչ է, կվճարենք»,- վրդովված նկատեց քաղաքացին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս