Երեկ Նոյեմբերյան քաղաք էին այցելել պետական գույքի կառավարման վարչության մի քանի աշխատակիցներ: Նրանք եղան Նոյեմբերյանի պոլիկլինիկայի շենքում, ծանոթացան պայմաններին: Արդեն տեղեկացրել ենք, որ մեկ տարի առաջ` Նոյեմբերյանի հիվանդանոցի շենքի հիմնանորոգումից, հիվանդանոցի եւ պոլիկլինիկայի միավորումից, Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի ձեւավորումից հետո, պոլիկլինիկայի աշխատողները տեղափոխվել են հիվանդանոցի շենք, ինչից հետո պոլիկլինիկայի շենքն ավելի քան մեկ տարի դատարկ է: Գրել էինք նաեւ, որ պոլիկլինիկայի շենքը հանձնվել է պետական գույքի կառավարման վարչությանը: Սակայն պարզվում է, որ այն դեռ «օդում կախված է», չի փոխանցվել պետգույքի կառավարման վարչության հաշվեկշիռ: Հավանաբար մեր հրապարակումներն են կառավարությանը ստիպել այդ գործն արագացնել: Իսկ մինչ այդ, հսկա շենքի առաջին հարկի մի քանի սենյակները զբաղեցնում է Նոյեմբերյանի տարածաշրջանի ռազմական ոստիկանությունը: Ի դեպ, ռազմական ոստիկանները գոհ չեն տեղի պայմաններից, քանի որ զուգարան չունեն: Մինչ տարեվերջ նախատեսվում է պետգույքի կառավարման վարչությանը փոխանցել Նոյեմբերյանի պոլիկլինիկայի եւ Բագրատաշենի բժշկական ամբուլատորիայի թափուր շենքերը:
Տավուշ