Դերասանուհի Լիլի էլբակյանը Կամերային թատրոնում խաղում էր «Ի՞նչ տարբերություն, թե ում հետ» ներկայացման մեջ: Մեկ էլ հանկարծակի նրա փոխարեն հայտնվում է Նազենի Հովհաննիսյանը: Շատ հանդիսատեսների մոտ հարց առաջացավ` ո՞ւր է Լիլին, մի՞թե նրան հեռացրել են թատրոնից ու փոխարենը ընդունել Նազենի Հովհաննիսյանին: Այս եւ մի քանի այլ հարցերի պատասխանները ստացանք անձամբ Լիլի Էլբակյանից:
-Իմ լռության պատճառն արդարացված էր, ես հղի էի, դե հիմա էլ բալիկս ծնվել է: Նոր եմ վերադարձել թատրոն, բայց քանի որ Նազենին արդեն խաղում է, ճիշտ է, որ ե՛ւ նա խաղա, ե՛ւ ես: Մենք հիմա դուբլյորներ ենք: Երբ մարդ դերը կիսում է, հետո չպետք է գա ու ասի` վերադարձրո՛ւ… Դե մի խոսքով, դա թատրոնի օրենքն է: Նա եկավ ինձ փոխարինելու:
-Իսկ այն խոսակցությունները, որ Նազենին եկավ, զբաղեցրեց Ձեր տեղը, սո՞ւտ են:
-Ճիշտն ասած, ես չեմ տեսել Նազոյի խաղը, բայց գիտեմ, որ ամեն մեկս խաղում է մեր տեսակի մեջ: Էստեղ դեր գողանալու հարց չկա: Պարզ էր, որ ես գնում էի, ինձ պետք է փոխարինեին, շատ թատրոններում մի դերի համար նույնիսկ 3 դուբլյոր կա: Հնարավոր է` մեկը գնա հյուրախաղերի, մյուսը հիվանդանա, դուբլյորով աշխատելը վատ բան չէ: Բայց ես հիմնականում խաղում եմ «Էդգար Էլբակյան» թատրոնում, իսկ Կամերայինում հրավիրված դերասանուհի եմ:
-Մինչ բալիկի ծնվելը, մեզ հետ զրույցի ընթացքում նշեցիք, որ չեք պատրաստվում տանը երկար նստել, ու երբ հնարավոր լինի, շուտ աշխատանքի դուրս կգաք:
-Ես այդպես էլ վարվել եմ: Հենց այսօր գնացել եմ փորձի եւ Կամերայինում էլ արդեն հասցրել եմ խաղալ: Բալիկիս ծնվելուց 1 ամիս հետո ես խաղում էի, նա հիմա 2 ամսական է:
-Եթե չեմ սխալվում, «Էդգար Էլբակյան» թատրոնում նաեւ ռեժիսոր եք:
-Այո՛, մի քանի ներկայացման բեմադրիչ-ռեժիսոր եմ, հեղինակ: Ես ծնողներիս թատրոնում եմ աշխատում, որն արդեն իմն է համարվում, այնտեղ ես հիմա նաեւ որպես գեղարվեստական ղեկավար եմ աշխատում: Մեր թատրոնում ես անում եմ այն, ինչ ուզում եմ, իհարկե, խորհրդակցելով հայրիկիս հետ: 2 տարվա մեջ բեմադրել եմ 3 ներկայացում եւ դեռ մի ներկայացում էլ պատրաստվում եմ: «Ամերիկյան աջաբսանդալ» ներկայացման մեջ էլ ամբողջ ընտանիքս խաղում էր` ծնողներս, ամուսինս` Համոն, միայն ես չկայի:
-Քանի որ Ձեր ծնողները մեծ վաստակ ու ազդեցություն ունեն թատերական աշխարհում, տրամաբանական է, որ նրանք Ձեզ առաջ կտանեն:
-Մեր մասնագիտության մեջ այդ խոսքերը մի քիչ իրական չեն: Ես ինքս քարքարոտ ճանապարհ եմ անցել: Եթե դերասանը կամ ռեժիսորը շնորհք չունենա, մի օր կբացահայտվի, մանավանդ, երբ նրան հրավիրում են այլ թատրոնում խաղալու: Որովհետեւ կողքիդ չկան քո ծնողները, մարդիկ, որոնք կարող են քեզ առաջ տանել: Դու մենակ ես օտար մարդկանց մեջ, դու պետք է քեզ արդարացնես: Իմ առաջին «Արտավազդ» մրցանակը ստացել եմ հենց Կամերային թատրոնում «Ի՞նչ տարբերություն, թե ում հետ» ներկայացման համար: Մինչ այդ երկար տարիներ խաղում էի մեր թատրոնում, բայց ոչ մի մրցանակ էլ չեմ ստացել:
-Այնուամենայնիվ, չեք հերքում Ձեր ծնողների օգնությունը:
-Չեմ հերքում եւ կարծում եմ, որ դա անհրաժեշտ է, եթե իմ երեխաներն էլ իմ գործն ունենան, ես անպայման նրանց կօգնեմ ու կուղղորդեմ: Ես դա առաջ տանել չեմ համարում, այլ դպրոց: Կարծում եմ, որ Էլբակյաններն ունեն իրենց ոճը, եւ ես այդ դպրոցի շարունակողն եմ:
Եթե դուք նայեք, ամեն թատրոն իր ոճն ունի, եւ բոլոր ռեժիսորներն էլ շարունակում են ինչ-որ մեկի ոճը: Հայրս ինձ այնքանով է առաջ տանում, որ ամենաբարդ տեղերում էլ թողնում է ինձ մենակ, նույնիսկ, երբ ես պետք է սկսեի դասավանդել, չէր գալիս իմ դասերին, որ հետո օգներ խորհուրդներով: Ասում էր` ես քեզ հատուկ գցում եմ ջուրը, որ դու հետո սովորես մենակ լողալ:
-Ձեր Ամուսինը` ռեփեր Համոն, հիմա նկարահանվում է «Բանակում» սերիալում, բայց նա դերասանական կրթություն չունի: Ինչպե՞ս եք վերաբերում այդ հարցին:
-Ես ավելի ազատ ու թեթեւ եմ նայում այն մարդկանց, որոնք դերասան չեն եւ խաղում են, եւ ավելի խիստ եմ վերաբերվում դերասանական կրթություն ունեցող արտիստներին: Երբ մարդ սովորել է ու սխալվում է, դա ինձ համար դժվար է ընկալել: Հետո էլ Համոն անընդհատ գալիս էր իմ դասերին ու շատ բաներ է սովորել: Հայրիկիս հետ էլ աշխատել է «Տերը» ներկայացման մեջ, համարյա գլխավոր դեր էր խաղում: Սերիալում նրա դերն այնքան մեծ չէ, որ ես կարողանամ գնահատել, բացվելու տեղ չունի: Իմ կարծիքով Համոն ունի դերասանական ձիրք: Հիմա ես գրում եմ մի պիես, այ այսօր պետք է վերջացնեմ, որտեղ մենք երկուսով ենք խաղալու: Կմտածեք` ամուսինս է, դրա համար եմ գովում, բայց իրոք շնորհք ունի: Նոր տարվա ներկայացման մեջ էլ Մոխիի դերն է խաղում, բոլորը շատ հավանում են, մանավանդ երեխաները:
ՆԱԶԵՆԻՆ ԼԻԼԻԻ ՓՈԽԱՐԵ՞Ն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ