Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի համար միևնույնն է, որ ՀԺԿ նախկին անդամ, Բելգիայում ապաստան գտած Գրիշա Վիրաբյանի քրեական գործում շահարկվում է նաև իր անունը:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շուտով կմեկնարկի Գրիշա Վիրաբյանի գործով բուն դատաքննության փուլը: Սակայն Աշոտ Կարապետյանը Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն այդ գործի վերաբերյալ որևէ տեղեկություն չունի:
«Ընդհանրապես տեղյակ չեմ, և նրա մասին ոչինչ չունեմ ասելու»,- մեզ հետ զրույցում հայտարարեց Երևանի ոստիկանապետը:
Հիշեցնենք, որ ՀԺԿ նախկին անդամ Գրիշա Վիրաբյանին 2004թ. ապրիլի 12-ին՝ ՀՀ նախագահի նստավայրի մոտ ընդդիմության կազմակերպած ցույցից հետո, բերման էին ենթարկել Արտաշատի ոստիկանություն, որտեղ նա ենթարկվել էր դաժան ծեծի ու խոշտանգումների:
Վիրաբյանի ցուցմունքից պարզ էր դարձել` նրան ծեծի ենթարկած ոստիկանների թվում է եղել նաև Երևանի ներկայիս ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:
Նշենք նաև, որ այս գործին ներպետական դատական ատյաններն ընթացք չէին տվել, իսկ Եվրոպական դատարանը 2012թ. հօգուտ Վիրաբյանի որոշում է կայացրել:
Տաթև Հարությունյան