Սիրված երգիչ, բանաստեղծ Ազատ Աբրահամյանը կյանքում տեղի ունեցող փոփոխությունները համեմատում է մարդու օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունների հետ: Եթե մարդուն ինչ-որ բան է պատահում, ու ստիպված են լինում վիրահատական միջամտությամբ փոխել նրա որևէ օրգանը, դրանով կարող են պարզապես մարդու կյանքի ինչ-որ փուլ հետաձգել: Ոչ ավելին:
«Բայց որպեսզի մարդն իրեն զգա այնպես, ինչպես մոր արգանդից ծնված ժամանակ, շատ անհրաժեշտ է, որ օրգանը իրենը, սեփականը լինի»,-հավելեց երգիչը:
Իսկ մեր զրույցը նրա հետ սկսվեց այն հարցից, թե վարչապետի փոփոխությամբ մեր երկրում ինչ-որ բան կփոխվի:
-Սեփական օրգան ասելով` նկատի ունեմ ազգային ավանդական արժեքները: Առաջնորդը պետք է լինի այն անձնավորությունը, որն իր մեջ կրում է ժողովրդի բարձրագույն արժեքները: Իսկ առհասարակ անձերի հետ կապված խնդիր չունեմ. մեկը մի քիչ լավն է, մյուսը՝ մի քիչ վատը, մեկն աշխատասեր է, մյուսը՝ ծույլ, մեկը ազնիվ է, մյուսը՝ կաշառակեր… Եվ դրա դեմ ոչինչ անել չես կարող. դա հասարակությունն է, նույնիսկ` հարազատ արյունակիցներն են տարբեր:
Ես ժամանակ առ ժամանակ հրավիրվում եմ «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդմանը մասնակցելու և այնպիսի բաների եմ ականատես լինում, այնպիսի բաների… Ես միշտ մտածել եմ, որ ցանկացած, այդ թվում՝ մեր ժողովրդի մեջ կան բացասական հատկանիշներ ունեցողներ, բայց չէի կարող երբևէ պատկերացնել, որ այդ աստիճանի ամեն ինչ վատ է:
Մի պուճուրիկ հողակտորի համար ծնողը զավակին է ուրանում, զավակը՝ ծնողին, եղբայրը՝ քրոջը, արյունակից մարդիկ մոռանում են հարազատության սրբությունը, արյունը: Մեզանից այսօր վերցրել են արժեք կոչվածը, որը մարդուն մարդ էր պահում, այսինքն՝ սերը հայրենիքի, հարազատի, քաղաքի, պետության, հող ու ջրի նկատմամբ:
-Ո՞վ է վերցրել, ո՞վ է այդ ամենի մեղավորը:
-Առանց որևէ բացառության մեղավոր ենք յուրաքանչյուրս՝ սկսած մեր տներից, օջախներից: Մեղավոր ենք այնքանով, որ մեր զավակներին թողեցինք ինքնահոսի, մտածեցինք, որ եթե արժեքներ փոխանցենք նրանց, ապա նրանք չեն կարողանա այս նոր իրավիճակին համակերպվել, ապրել, գոյատևել:
Մենք ուրացանք սրբագույնը, որը մեզանից յուրաքանչյուրի մեջ պիտի պահպանվեր` անկախ ամեն ինչից, դա այն ավանդական մտածողությունն է, սերը, ոգին, որ միշտ մենք հայկական ենք կոչել ու դրանով հպարտացել: Այ, հենց դա է բոլորիս մեղավորությունը: Այսօր մենք պտտվում ենք, պտտվում, խոսում, խոսում (իհարկե, ցավոք սրտի, լսող, հաշվի առնող չկա), բայց որևէ ելք չենք կարողանում գտնել: Այնքան ենք ինքներս մեզ խճճել այս ամենի մեջ, որ այսօր հասարակ, սովորական, էժանագին մի բան մեզ համար ավելին կարող է արժենալ, քան այն, որ իրականում մեծ արժեք պիտի լիներ բոլորիս համար:
Մենք մեր հոգու, մեր խղճի մեջ ուրանում ենք ինքներս մեզ՝ մեր ապագայի հետ կապված ինչ-որ մի բան ընտրելով, ընտանիքներում բացթողումներ թույլ տալով: Ես միշտ պետությունը համեմատում եմ ընտանիքի հետ:
-Այսինքն՝ ընտանիքը, կարելի է ասել, պետության յուրահատուկ մոդե՞լ է:
-Իհարկե, և հենց այդ «փոքր պետություններն» են, մեկը մյուսին գումարվելով, դառնում կամ հզոր, կամ, հակառակը, թույլ պետություն: Եթե ընտանիքի գլուխը՝ հայրը, իր բացասական կերպարով ու չունեցած արժեքներով երեխա է դաստիարակում, ի՞նչ պիտի ստացվի այդ երեխայից: Նույնն էլ պետության դեպքում է:
Եթե մեկն ինձ հանձնարարի ղեկավարել մի հարյուր մարդու, որոնցից, ասենք, մի տասնհինգ-քսանը խելացի կլինեն, ու ես գոնե հավասարը հավասարի պես չլինեմ այդ խելացիների մեջ, երբեք չեմ համաձայնվի լինել նրանց առաջնորդը:
Հարցազրույցը՝ ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ