Խորհրդային միության փլուզումից հետո հայաստանյան մամուլը թևակոխեց մի նոր փուլ, սակայն առ այսօր մամուլի ոլորտում կարևոր խնդիր է մամուլի ազատությունն ու լրագրողների իրավունքների սահմանափակումները:
«Ֆրիդոմ Հաուս» միջազգային իրավապաշտպան կազմակերպության այս տարվա «Մամուլի ազատության» մասին զեկույցում Հայաստանը 134-րդ տեղում է, և մամուլի ազատության առումով համարվում է ոչ ազատ երկիր, ավելին, նախորդ տարվա համեմատ մեկ միավորով մեր երկիրը նահանջել է:
Armlur.am-ի հետ զրույցում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը հիշեցրեց` 1990-ականներին դաշնակցական մամուլի ջարդը առաջին նախագահի օրոք: Այն ժամանակվանից ի վեր մամուլում ռեգրեսիվ միտումներ դրսևորվեցին`2002-ին փակվեց «Ա1+»-ը եթերազրկվեց:
«1998-2008-ին` 2-րդ նախագահի օրոք, հայաստանյան մամուլի ամենածանր ժամանակահատվածն է եղել: Լրատվամիջոցների վրա տոտալ վերահսկողություն էր սահմանվել»,- հիշեցնում է Մելիքյանը:
Թեև այսօր լրատվամիջոցներ գրեթե չեն փակվում, սակայն ընդհանուր առմամբ՝ ազատ չի կարելի գնահատել զանգվածային լրատվամիջոցները, քանի որ կա վերահսկողություն, տպագիր մամուլը քաղաքական ճամբարների է բաժանված և սպասարկում է այդ շահերը: Ի տարբերություն տպագիր մամուլի՝ Մելիքյանի խոսքով՝ ազատ են համեմատաբար առցանց լրատվամիջոցները, բայց այստեղ էլ կան որոշ միտումներ. բիզնես և քաղաքական դասերի էլիտայի ներկայուցիցչները առցանց լրատվամիջոցներին այնպիսի առաջարկներ են անում, որոնցից հրաժարվել հնարավոր չէ:
-Պարո՛ն Մելիքյան, երբ խոսվում է լրատվամիջոցների ազատության մասին, հասկանանք` ինչ ասել է այդ ազատությունը, ինչ չափորոշիչներով է դա սահմանվում:
-Ազատ լրատվամիջոցը պետք է կարողանա ինքն իրեն կերակրել, ապրել իր եկամուտների` գովազդի, տարբեր տեսակի կոմերցիոն ծրագրեր իրականացնեու հաշվին:
Երկրորդ` լրատվամիջոցը պետք է կարողանա դիմակայել արտաքին քաղաքական, տնտեսական և իրավական ճնշումներին: Երրորդ` կարևոր է բարձրացնել պրոֆեսիոնալիզմը, պահպանել էթիկայի կանոնները:
-Ձեր կարծիքով` երեք նախագահներից որի օրոք է մամուլն ավելի ազատ եղել:
-Յուրաքանչյուր նախագահի օրոք յուրահատուկ ճնշումներ եղել են լրատվամիջոցների վրա: Իհարկե, եթե Ռ. Քոչարյանի ղեկավարման տարիները համեմատենք Սերժ Սարգսյանի կառավարման շրջանի հետ, ապա Սերժ Սարգսյանի օրոք ոչ մի լրատվամիջոց չի փակվել, ավելին` «Ա1+»-ին 20 րոպե եթեր հեռարձակվելու հնարավորություն են տվել, բայց այդ 20 րոպեով «Ա1+»-ի խնդիրը չի լուծվում: Սերժ Սարգսյանի օրոք բացասական տենդենցներ են նկատվում` սեփականության իրավունքը փորձում են հաստատել հեռարձակման ոլորտում, որը մեծ հաշվով իշխանության վերահսկողության ներքո է:
-Կա՞ այսօր մրցակցություն լրատվական դաշտում թե՛ բիզնես տեսանկյունից, թե՛ որակյալ տեղեկատվություն տրամադրելու առումով:
-Ցավոք, այդ բիզնեսն ընդհանուր առմամբ ազատ չէ և սերտաճած է իշխանության հետ, հետևաբար այս պարագայում ազատ և արդար մրցակցության մասին խոսել հնարավոր չէ: Նույն վիճակը նաև հեռարձակման ոլորտում է: Իշխանական շրջանակներին մոտիկ մարդիկ հեռարձակման ոլորտում գովազդներից ստանակով «пироги» իրենց մասը, որոշ մրցակցություն, իհարկե, իրար մեջ իրականացնում են: Բայց ավելի շատ մրցակցություն նկատվում է իշխանությանը լոյալ լինելու համար:
-Մամուլի ազատության մասին օրենսդրությունում սահմանված են ազատ լրագրողի իրավունքներն ու պարտականությունները: Սակայն Հայաստանում ազատ լրագրողի ինստիտուտը չի կայանում:
-Չի կայանում, որովհետև այդ տիպի լրագրողները չեն կարողանում բավարար չափով այնքան հոնորար ստանալ լրատվամիջոցներից, որ կարողանան իրենց հարցերը լուծել:
Մեր լրատվամիջոցներն արտահաստիքային լրատվամիջոցներին քիչ են վճարում, որը նորմալ չէ:
-Ամենամեծ խնդիրը լրատվական դաշտում ո՞րն եք համարում:
-Անկախության բացակայությունն է ամենամեծ խնդիրը, որին պետք է ձգտել ու հասնել:
Սոնա Դավթյան