Արմեն Աշոտյանը Վայոց Ձորում էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր գտնվում Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Այցի ընթացքում նա հանդիպեց ավագ դպրոցի տնօրենների հետ, այցելեց վերջերս վերանորոգված Վայքի ավագ դպրոց, ինչպես նաև` Եղեգնաձորի թիվ 5 մանկապարտեզի նախակրթարան, հայտնում է armlur.am-ի թղթակիցը:

Ավագ դպրոցի տնօրենների հետ հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրեց այն խնդիրները, որոնք առաջնային լուծում են պահանջում: Որպես առաջնային խնդիր մարզում առկա դպրոցների մի մասի գերբեռնված, մյուս մասի թերբեռնված լինելն է:

«Ինչպե՞ս կարող է երկու՝ իրար կողքի գտնվող դպրոցներ, որոնք ունեն նույն ֆինանսական միջոցները` մեկը գերբեռնված լինի, մեկը թերբեռնված: Դա նշանակում է, որ ծնողներն իրենց երեխաներին տանում են այն դպրոց, որն ավելի մեծ վարկանիշ ունի», – նշեց նա: Աշոտյանը հանձնարարեց նախարարության աշխատակիցներին տասնօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ ավագ և հիմնական դպրոցների աշակերտական համակազմի բեռնվածության և դրանց հետագա կարգավիճակի վերաբերյալ:

«Կրթության ոլորտի գերակա ուղղություններից մեկը հավասար հնարավորությունների պահպանման ծրագիրն է: Մենք գիտենք, որ Երևանում և մարզերում ու կրթության որակի միջև կան զգալի տարբերություններ: Մեր նպատակն է ապահովել հավասար կրթության իրավունք բոլորի համար», – նշեց նա:

Աշոտյանը Վայոց ձորի մարզ այցելությունը պայմանավորեց նրանով, որ այն նաև մեծ ռազմավարական նշանակություն ունի: Նախարարի խոսքով, մարզն առաջին տեղում է գտնվում «Դպրոցական կայուն սնունդ» զարգացման ծրագրի արձանագրած ցուցանիշներով:

Նաիրա Հովհաննիսյան

Վայոց Ձոր – Երևան

 




Լրահոս