ՀԱՐՑ. Ինչպե՞ս է ձմռանը վերահսկվում քաղաքային տրանսպորտի ջեռուցման խնդիրը: Շատ անգամ եմ նկատել, որ օրինակ Աբովյան-Երեւան ավտոբուսներից որոշները ջեռուցվում են, որոշներն էլ` ոչ: Կա՞ գերատեսչություն, որ պետք է նման տիպի հարցերով զբաղվի:
ՊԱՏԱՍԽԱՆ. Մեքենաների ջեռուցման հարցերով հատուկ զբաղվող գերատեսչություն չկա: Բայց տրանսպորտային միջոցները սպասարկող ընկերությունները պիտի նման հարցերով զբաղվեն եւ փոխադրումներ իրականացնելիս մարդկանց համար ապահովեն նորմալ պայմաններ: Եթե պարբերաբար բողոքներ կլինեն ուղեւորների կողմից, ապա այդ հարցը կարելի է ուղղել տվյալ սպասարկող ընկերությանը: Դա ինչ-որ գլոբալ խնդիր չէ, պարզապես մեքենայի անսարքության խնդիր է, որը պիտի արագ կերպով վերացնի այն սպասարկող ընկերությունը, որը պատասխանատու է առաջացած նման թերությունների դեպքում:
հասարակայնության հետ կապերի բաժնի
պետ Պետրոս Դեմիրճյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանում ու մասնավորապես մայրաքաղաքում շահագործվող տրանսպորտային միջոցներն այնքան հին են, որ մեծամասամբ դրանց անգամ սարքին ու անվտանգ լինելն է անզեն աչքով կասկածելի թվում: Նման պայմաններում ջեռուցվող մեքենաների մասին խոսելն ավելի շատ շքեղություն կարող է թվալ: Նոր ներկրվելիք ավտոբուսներում միգուցե ջեռուցման խնդիրն էլ լուծված լինի, բայց տրանսպորտային միջոցները Հայաստանում այնքան անխնա կերպով են շահագործվում, որ շատ չանցած՝ ներկրված նոր մեքենաների տաքացման եւ մյուս համակարգերն էլ շարքից դուրս կգան: