
Երեկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական գերության մեջ պահվող 3 հայ զինծառայողներին եւ 5 քաղաքացիական անձանց` մեկ ընտանիքի անդամներ։ Այս մասին հայտարարել է ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչության մամլո քարտուղար Շահլա Գահրամանովան։ Վերջինիս խոսքերով՝ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները հայ գերիներին են հանձնել 3 նամակ և փոխարենը նրանցից ստացել 6 նամակ։ Հիշեցնենք, որ ԿԽՄԿ-ի՝ Ղարաբաղյան հակամարտության անհետ կորածների ցանկում առկա է 4592 անուն։ ԿԽՄԿ-ն աշխատանքներ է տանում նրանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ։ Այդ նպատակով 2012 թվականին նրանց հարազատներից վերցվելու են ԴՆԹ-ի նմուշներ։ Ի դեպ,ԿԽՄԿ-ն զբաղվելու է միայն այն անհետ կորածների ճակատագրով, որոնց հարազատները դիմել են կազմակերպությանը՝ իրենց հարազատին որպես անհետ կորած գրանցելու խնդրանքով։