2014թ. ապրիլին, մարտի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.5% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների 0.9% գնաճով: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշեց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
«Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2014թ. ապրիլին, մարտի համեմատ, սպառողական գներն աճել են 0.1-1.3%-ով: Գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է քաղաք Վաղարշապատում: Մայրաքաղաքում սպառողական գների ընդհանուր մակարդակը, նախորդ ամսվա համեմատ, աճել է 0.5%-ով», – նշեց նա:
Նա հայտնեց, որ 2014թ. ապրիլին, մարտի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 1.0% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է մրգի,կաթնամթերքի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գնաճով:
«Հանրապետության դիտարկված 10 քաղաքում 2014թ. ապրիլին, մարտի համեմատ, արձանագրվել է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 2.3-17.0% գնաճ, իսկ մեկում` 2.2% գնանկում:
Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը, նախորդ ամսվա համեմատ, աճել է 4.9%-ով», – հայտնեց Մարտիրոսյանը:
Նա նշեց, թե 2014թ., 2013թ. ապրիլի համեմատ, գնաճ է գրանցվել նաև կաթնամթերքի, մրգի, ոգելից խմիչքի և ծխախոտի շուկաներում: