ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի կազմակերպած երեկվա լսումներին հանձնաժողովի 16 անդամներից ներկա էին 4-ը` հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, տեղակալ Գրիգոր Գրիգորյանը, Իշխան Խաչատրյանն ու Թեւան Պողոսյանը: Սովորաբար նման պատկեր է նաեւ հանձնաժողովի նիստերին. այստեղ էլ հատուկենտ թվով մարդիկ են մասնակցում: «Ժողովուրդ»-ն իր նախորդ համարներից մեկում գրել էր, թե տեսակետ կա, որ այս իրավիճակի մեղավորը հանձնաժողովի նախագահ Կ. Նահապետյանն է, ում հետ աշխատելը դժվար է: Նահապետյանը դժգոհել էր, թե այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Երեկ՝ լսումներից հետո, նրան հարցրինք, թե ինչու հանձնաժողովի անդամների մեծամասնությունը չէր եկել: «Դուք միշտ վատն եք տեսնում: Թե ինչու չեն մասնակցում, հարցն ուղղե՛ք իրենց: Ես չեմ կարող նրանց փոխարեն պատասխանել: Խորհրդարանական լսումներին ու հանձնաժողովի նիստերին մասնակցելը պատգամավորի պարտականությունն է»,-ասաց նա:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ