ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ
ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն իր տեղակալ Արթուր Աֆրիկյանի հետ նոյեմբերի 19-22-ը գտնվել է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում: Պաշտոնապես նրանք Աբու Դաբի են մեկնել` մասնակցելու «Տնտեսական մրցունակություն» թեմայով տարածաշրջանային համաժողովին, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ մաքսային գործերում համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը ստորագրելու համար: Սակայն տեսակետ կա, որ Գ. Խաչատրյանի համար պաշտոնական գործուղումը եղել է առիթ` իր սեփական բիզնեսների հետ կապված որոշ հարցեր առաջ տանելու եւ զարգացնելու համար: Այլապես ծիծաղելի է մտածել, որ երկրի ամենամեծ օլիգարխին կարող է հետաքրքրել «Տնտեսական մրցունակություն» թեմայով համաժողովը:
ՀԻՄԱ ԷԼ ՁՎԻ ԱՎԵԼՑՈՒԿ
Հայաստանում ձու արտադրող ընկերությունները մոտ օրերս խորհրդակցություն են արել, որի ընթացքում որոշել են դիմել ՀՀ կառավարությանն ու պետեկամուտների կոմիտեին՝ խնդրանքով սահմանափակել հավկիթի ներկրումը: Բանն այն է, որ ձվի շուկայում արդեն նկատվում է ձվի ավելցուկ: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանից: Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաեւ, որ ձու արտադրող ընկերությունները դիմել են ՀՀ կառավարությանը պահանջով` մեկ տարով հետաձգել ավելացված արժեքի հարկի վճարումը: Արտադրողները դժվարանում են շուկայում ներկրված ձվերի մրցակցությանը դիմանալ: Սակայն դեռ արձագանք չկա:
ՎԱՏ ՕՐԻՆԱԿ
Այն, որ ԱԺ-ի կրթության, գիտության, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովին կից երիտասարդական խորհրդարանն ավելորդ մարմին է` ձեւավորված պարզապես ինչ-որ երիտասարդների ամբիցիաները բավարարելու համար, հերթական անգամ պարզ դարձավ երեկ: Բանն այն է, որ երիտասարդական խորհրդարանի նիստին եւս, ինչպես ՀՀ ԱԺ նիստերին, գնալով ավելի ու ավելի քիչ պատգամավորներ են մասնակցում:
ԽՑԱՆՎԱԾ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ
Երեկ՝ կեսօրից, Երեւանի կենտրոնի փողոցների մի մասի երթեւեկությունը կաթվածահար էր եղել: Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտ տանող փողոցները փակ էին: Պատճառը ֆուտբոլն էր, բայց ոչ թե աշխարհի առաջնության մակարդակի, այլ ընդամենը «Վարչապետի գավաթ» մրցաշարի եզրափակիչ խաղն էր: ՀՀ ոստիկանությունն ու ՊՆ-ն էին մրցում, եւ ՀՀ կառավարության գրեթե բոլոր անդամները վարչապետի գլխավորությամբ գնացել էին՝ քաջալերելու թիմերին: Հաղթեց ՊՆ-ն, պարտվեց ՀՀ ոստիկանությունը, իսկ տուժեց, ինչպես միշտ, ՀՀ շարքային քաղաքացին, որը Երեւանում չէր կարողանում իրացնել իր՝ ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը: