16 ԱՆԴԱՄԻՑ ՆԵՐԿԱ ԷԻՆ ԸՆԴԱՄԵՆԸ ՉՈՐՍԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը լսումներ էր հրավիրել «ՀՀ-ում աղետների ռիսկերի նվազեցման, աղետների վաղ ազդարարման եւ դիմակայման համակարգի ստեղծումը եւ զարգացումը» թեմայով: Զեկուցողը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն էր:

Դեռեւս նոյեմբերի 13-ին «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ այս հանձնաժողովի նիստում վիճաբանություն է տեղի ունեցել հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանի եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության եւ հանձնաժողովի անդամ Գագիկ Ջհանգիրյանի միջեւ: Պատճառը եղել էր մինչեւ տարեվերջ 3 լսում անցկացնելու` Նահապետյանի առաջարկությունը:
Գ. Ջհանգիրյանն անիմաստ էր համարել երեք լսում անցկացնելը` առաջարկելով բավարարվել 1 լսումով: Նահապետյանն էլ հայտարարել էր, թե ինքն է հանձնաժողովի նախագահը, ու ինչպես որոշի, այդպես է լինելու: Նրա այդ պահվածքը զայրացրել էր Ջհանգիրյանին, որն իրենից երիտասարդ պատգամավորին կոռեկտության կոչ էր արել ու վրդովված հեռացել նիստերի դահլիճից: Այդ նիստին ներկա էին եղել հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանն ու Արթուր Ստեփանյանը՝ Միհրանի չախկալը, որոնք, ի դեպ, մշտապես մասնակցում են հանձնաժողովի նիստերին:
Չնայած այդ ամենին՝ Կ. Նահապետյանը երեկ լսումներ էր կազմակերպել, սակայն հանձնաժողովի կազմից ներկա էին միայն նախագահի տեղակալ, ԲՀԿ-ական Գրիգոր Գրիգորյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը եւ ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Իշխան Խաչատրյանը: Նիստին մասնակցում էին նաեւ ԱԺ պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանն ու Արայիկ Հովհաննիսյանը, որոնք, ի տարբերություն հանձնաժողովի անդամների, թեմային առնչվող հարցեր էին ուղղում:
Ի դեպ, նշենք, թե ովքեր են ընդգրկված այս հանձնաժողովում՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանը, Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբո), Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո), ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Առաքել Մովսիսյանը (Շմայս), Կարոն Սարիբեկյանը, Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր), ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանն ու Խաչիկ Քոքոբելյանը:
Քննարկումների ընթացքում ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ասաց, թե իրեն մշտապես մեղադրում են, որ գնում է դեպքի վայրեր: Ըստ նրա՝ փրկարարն ավելի լավ կաշխատի, եթե տեսնի, որ իր ղեկավարն իր կողքին կանգնած է: Նախարարը ցավ հայտնեց, որ իր կողմից վերջերս մի երիտասարդի` Կիեւյան կամրջից նետվելու փորձը կանխելուց հետո խոսվեց, թե դա կազմակերպված սցենար էր` ուղղված նախարարի PR-ին: «Ստացվում է, ամենաանպաշտպանը Հայաստանում նախարարներն են»,-կատակեց Ա. Երիցյանը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս