Կառավարության նախկին ղեկավար Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո ԱԺ չորս ոչ իշխանական ուժերը, կամ, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն էր նրանց բնութագրում, «քառյակը», կարծես թե, չի կարողանում միասնական օրակարգով հանդես գալ և իր առջև դնել քաղաքական այնպիսի կարևորագույն խնդիր, ինչպիսին էր կառավարությանն անվստահություն հայտնելու հարցն ու Տիգրան Սարգսյանի հրաժարականը:
Հիշեցնենք, որ այսօր «քառյակը» վարչապետին է ներկայացնելու «կուտակայինի» մասին օրենքի նախագծի վերաբերյալ մի քանի հիմնարար առաջարկ:
Armlur.am-ի հետ զրույցում չորս ոչ իշխանական ուժերից մեկի ներկայացուցիչ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն ասաց, որ համաձայն չէ այն տեսակետի հետ, որ «քառյակը» որպես մեկ միասնական մարմին իրեն սպառել է:
«Քառյակն» ունի կարևոր առաքելություն. բազմաթիվ հարցեր, որոնք նախկինում կային և առնչվում էին մի շարք օրենքներում օրենսդրական փոփոխություններ անելու հետ, այժմ մենք լուծում ենք: «Քառյակում» բավական նորմալ մթնոլորտ է, որևէ խնդիր չի առաջացել, որից կարելի է եզրակացնել, թ ե հնարավոր չէ միասին աշխատել»,-վստահեցնում է Մարգարյանը:
-Բայց կենսաթոշակային օրենքը մեծ մասամբ հասարակական-քաղաքացիական խնդիր է, ոչ թե քաղաքական:
-Բայց միայն կուտակային կենսաթոշակային խնդիրը չէ, որն առկա է «քառյակի» օրակարգում: Կառավարության առաջիկա ծրագիրը կա, հասարակական հնչեղություն ստացած արագաչափերի, կարմիր գծերի խնդիրները ևս կան, որոնք օրենսդրական լուծում չեն ստացել:
-Բայց դրանք քաղաքական խնդիրներ չեն և հավասազոր չեն կառավարությանն անվստահություն հայտնելուն ու Տիգրան Սարգսյանի հրաժարականին:
-Դե, մենք չգիտենք` ինչպիսի իրավիճակ կառաջանա, երբ կառավարությունը ներկայացնի նոր ծրագիրը: Դրանից կախված` նոր հարցեր կառաջանան «քառյակի» գործունեության քննարկման կամ միասնաբար գործելու ուղղությամբ:
-Իսկ այն, որ վարչապետն ուշադիր է «քառյակի» գործունեությամբ և անգամ մասնակցել է «քառյակի» հանդիպումներից մեկին: Սա ինչո՞վ է բացատրվում: Հովիկ Աբրահամյանն ինչո՞ւ եկավ ու մասնակցեց հանդիպմանը:
-Դա ընդամենը մի անգամ է եղել: Իսկ թե ինչու Հովիկ Աբրահամյանը եկավ ու մասնակցեց մեր հանդիպմանը, անկեղծ ասած, դա ես չպետք է ասեմ, բայց նորմալ եմ համարում, որ եկավ:
Կարծում եմ՝ Հովիկ Աբրահամյանը նախորդ անգամ մասնակցեց «քառյակի» հանդիպմանը, քանի որ մեր օրակարգում արտահերթ նիստ հրավիրելու հարց կա: Ինքն էլ եկավ ներկայացնելու իր տեսակետը կենսաթոշակային խնդրի առնչությամբ:
-Բայց Հովիկ Աբրահամյանի մասնակցելն ու ուշադիր լինելն արդյոք չե՞ն նշանակում, որ «քառյակը» վատ հարաբերություններ չունի, և, կարծես թե, լեզու է գտնում իշխանությունների հետ:
– «Քառյակն» իր առջև նպատակ չի դրել վատ հարաբերություններ հաստատել պաշտոնյաների հետ: Մյուս կողմից՝ Հովիկ Աբրահամյանի գալը պայմանավորված էր նրանով, որ «քառյակը» լուրջ ձևով օրակարգ է ձևավորում:
-Եթե «քառյակը» մեկ միասնական միավոր է, չի կազմալուծվել, ինչո՞ւ ԱԺ նախագահի ընտրություններն այլ բան ցույց տվին: Այլընտրանք համարվող ԲՀԿ-ն գնաց կանգնեց իշխանության կողքին: Չե՞ք կարծում, որ ԲՀԿ-ն հերթական անգամ իրեն դրեց խոցելի կարգավիճակում:
-Անկեղծ ասած, չեմ կարծում: Էդ հարցը մենք չենք կարևորել: Քննարկել ենք դա, իհարկե, բայց քանի որ հարցի կարևորություն չի եղել, քվեարկությունն ազատ է թողնվել: Մամուլը շատ ուռճացրեց այդ հարցն այն դեպքում, երբ չարժեր: ԲՀԿ-ից որոշ մարդիկ չեն մասնակցել (ի դեպ, Ստեփան Մարգարյանը քվեարկությանը չմասնակցած պատգամավորներից է – խմբ.), որոշ մարդիկ մասնակցել են, որոշ մարդիկ էլ կողմ են քվեարկել Հրանտ Բագրատյանի օգտին:
-Եթե ԲՀԿ-ից որոշ պատգամավորներ քվեարկել են Հրանտ Բագրատյանի օգտին, ինչպե՞ս է լինում, որ Բագրատյանն ընդամենը 3 ձայն է ստացել:
-Դե, ինչ ասեմ: Ես հիմա կարող եմ իմ գործընկերոջը չհավատալ, ով ասում է, որ ձայն է տվել իր գործընկերոջը:
– Բայց ԲՀԿ-ն քաղաքական այն ուժն է, որը պարբերաբար քննադատում է այս իշխանություններին, ու հանկարծ, դատելով քվեարկության արդյունքներից, քվեարկում է Գալուստ Սահակյանի օգտին:
-Իհարկե, ԱԺ նախագահի ընտրությունը կարևոր է: Բայց նա կընտրվի 70, թե՝ 80 ձայնով, մեզ համար այդքան էլ նշանակություն չունի:
Դրա համար էլ ազատ էր թողնվել քվեարկությունը:
Սոնա Դավթյան