ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՄԱՏԵՂԵԼԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ

«Վարշավայից դեպի Վիլնյուս. Խաչմերուկներում Հայաստան եւ Վրաստան» կոնֆերանսի ընթացքում, անդրադառնալով Հայաստանի` Մաքսային միություն մտնելու որոշմանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան հայտարարել է. «Եվրամիությունը հարգում է Հայաստանի ինքնիշխան որոշումները եւ կշարունակի համագործակցությունն այն ոլորտներում, որոնք համատեղելի են Երեւանի նոր պարտավորությունների հետ»:

ԶԳՈՒՄ ԵՆ, ԻՆՉՊԵՍ ՏԱՆԸ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի աշխատակիցները նոյեմբերի 21-ին բողոքի ակցիա էին կազմակերպել ՀԷՑ գլխավոր մասնաշենքի դիմաց՝ պահանջելով ռուսաստանցի տնօրեն Եվգենի Բիբինի հրաժարականը, քանի որ նա առանց աշխատակիցների հետ խորհրդակցելու որոշում է կայացրել փակել Խոշոր սպառողների սպասարկման դեպարտամենտը: «Երկուշաբթի առավոտյան հայտնեցին, որ աշխատանքից ազատված ենք։ Մարդիկ անակնկալի եկան. 41 հոգու ազատել մեկ ակնթարթում, դա ուղղակի բարոյալքեց աշխատակիցներին»,-NEWS.am-ին ասել է դեպարտամենտի առաջատար ճարտարապետ Վալերի Սարգսյանը` շեշտելով, որ աշխատակիցներից շատերը 20 տարուց ավելի աշխատել են ՀԷՑ-ում եւ մեծապես նպաստել կազմակերպության զարգացմանը: Փաստորեն, ռուս չինովնիկներն արդեն Հայաստանում իրենց զգում են, ինչպես ձուկը ջրում, եւ հայ աշխատողների հետ վարվում են, ինչպես ցանկանան: Այսպիսով` Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանն օր օրի ավելի «ապահով» է դառնում ՀՀ քաղաքացիների համար:

ՀԱՑԱԴՈՒԼ Է ԱՆՈՒՄ

Aravot.am-ի տեղեկություններով՝ «Ազդարար»-ի կալանավորված խմբագիր Մարտիկ Սարգսյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հիվանդանոցում կրկին հացադուլ է հայտարարել: Այս անգամ նա հրաժարվել է նույնիսկ ջրից եւ խոսքի ազատության իր իրավունքից: Մինչ այդ՝ հեռախոսային զրույցում, նա շեշտել էր, որ ավելի լավ է՝ իրեն այնտեղից մահացած դուրս բերեն, քան այսպես անարդար վարվելով՝ անարգեն իր անունը:

ՉԻ՞ ԱՌԱՋԱԴՐՎԻ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը չի պատրաստվում առաջիկա նախագահական ընտրություններին առաջադրել իր թեկնածությունը: Այս մասին նա ասել է «ԳԱԼԱ»-ին` արձագանքելով ՍԴՀԿ նախկին ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի այն հայտարարությանը, թե վարչապետը պատրաստվում է առաջիկա նախագահական ընտրություններին առաջադրել իր թեկնածությունը: «Շատ տարօրինակ է, որ ինչ-որ մարդիկ գիտեն, թե ես ինչ եմ մտածում: Եթե ես ինչ-որ բան մտածում եմ եւ ուզում եմ՝ դա լինի հրապարակային, ես հրապարակային հայտարարություն եմ անում: Բայց եթե մեր երկրում կան մարդիկ, որ կարող են կանխագուշակել, թե ես այս պահին ինչ եմ մտածում, ես խիստ զարմացած եմ»,-ասել է վարչապետը: Հիշեցնենք, որ նա ժամանակին մինչեւ վերջին պահը հերքում էր նաեւ իր` վարչապետ նշանակվելու մասին լուրերը:




Լրահոս