ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դրական ենք գնահատում, շատ ուրախ ենք, շատ լավ է, իրոք լեննականցիները, գյումրեցիները շատ ուրախ են, որ աշխարհի կեսի տերը գալիս է Հայաստան»:

Վարդան Ղուկասյան Tert.am

Փաստորեն, Գյումրու նախկին քաղաքապետը ոչ միայն «բարեպաշտ» ու «աստվածավախ» է, այլեւ գյումրեցիների մասին մտածող ու հոգատար, եւ այն աստիճան է մտածել ու հոգ տարել, որ նույնիսկ տեղյակ է, թե «լեննականցիները» ուրախ են կամ տխուր: Տարօրինակ է, որ քաղաքապետ եղած ժամանակ «աստվածավախ» ՀՀԿ-ականը մտածում էր ոչ թե գյումրեցիների ուրախ, այլ վախեցած լինելու մասին։ Հետո այնքան համը հանեց, որ նույնիսկ իր սիրելի ՀՀԿ-ն չկարողացավ իրեն փրկել։ Եվ ահա Ղուկասյանը ճարահատյալ սկսում է շողոքորթել ավելի խոշոր մարդկանց, օրինակ՝ «աշխարհի կեսի տեր» Պուտինին։

«Երեկվանից արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ ենք տանում, ես էլ համակարգող խմբի մեջ եմ, ուզում ենք հավուր պատշաճի ներկայացնել նախ՝ ինչ ունենք… Գյումրին այն քաղաքն է, որը Նիկոլայ ցար, Մարգարետ Թետչեր է հյուրընկալել ու նրանց ապշեցրել է»:

Սահակ Մինասյան «Առավոտ»

Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի համար տոների տոնն է սպասվում, քանի որ մեծագույն պատիվ է ընձեռվել դիմավորելու տերերի տիրոջը, իրենց «բարձրյալին»՝ մեծն գաղութատեր Վլադիմիր Պուտինին, ով ՀՀԿ-ի համար, փաստորեն, մեր ժամանակների Նիկոլայ ցարն է, նույնիսկ ավելին, քան ցարը։ Ահա վառ օրինակ, թե ինչի կարող է հանգեցնել չափից ավելի «պուտինասիրությունը»։ Եթե հանրապետականները շարունակեն այս տեմպերով, ապա մոտ ապագայում Գյումրին կարող է վերանվանվել Պուտինական, Պուտինգրադ կամ Պուտինապոլ, իսկ շրջակա գյուղերը՝ Պուտինովո, Պուտինինո եւ այլն։

«Պետք է կոնկրետ գործողություններ անել: Հուսահատված ժողովրդին կոչ եմ անում, որ հույսն ու հավատը վերականգնեն: Խնդրում եմ սթափվել եւ միասնական ուժ երով փորձել այս իրավիճակից դուրս գալ… Ես ինքս կողմ եմ Մաքսային միությանը: Պետք է հասկանանք՝ մեզ դա ինչ կտա»:

Զոհրաբ Զոհրաբյան 1in.am

ՀՀԿ-ում սպասելիքները չարդարացրած, հետո սկանդալային պատմությունների մեջ հայտնված, երկրից հեռացած, վերադարձած ու հանկարծակի ԲՀԿ-ական դարձած ճամբարափոխ Զ. Զոհրաբյանն անցավ ժողովրդի հանդեպ մտահոգություններ դրսեւորելուն, ինչն ընդհանրապես բնորոշ է «ժողովրդական» «այլընտրանքին»։ Հետո ի՞նչ, որ ոչ հեռավոր անցյալում, երբ ՀՀԿ-ական էր, այդ նույն ժողովրդի մասին բնավ չէր մտահոգվում, այլ իր խնդիրներն էր լուծում։ Կարեւորը՝ հարմար տեղ գտնելն է եւ այդ տեղին համապատասխան կեցվածք ընդունելը։ Այլընտրա՞նք է, ուրեմն պետք է ականջ շոյող խոսքեր ասի, սակայն նաեւ սիրի ՌԴ-ն։

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս