ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԻ ՊԱԿԱՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելու հարցում մեր պետական այրերը, չգիտես ինչու, միանգամից բախվում են հյուրանոցների պակասության խնդրին: Այն առանձնացրեց նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նոյեմբերի 21-ի նիստում: Մինչդեռ նկատենք, որ միայն Երեւանի փոքր կենտրոնում 20-ից ավելի հյուրանոց կա, իսկ մարզերում, մինչ հյուրանոցների խնդրին հասնելը, զբոսաշրջության ոլորտին առնչվող խնդիրների մի ողջ փունջ կա:

«Անհրաժեշտ է իրականացնել միջոցառումներ եւ բարձրացնել Հայաստանի գրավչությունը զբոսաշրջության ոլորտում, ինչը կարեւոր է մեր տնտեսության համար: Ներկայումս խնդիրներից մեկը հյուրանոցային տնտեսությունների պակասն է: Անհրաժեշտ է պայմաններ ստեղծել այդ բնագավառում նոր զբոսաշրջիկների հոսքի համար»,-կառավարության վերջին նիստում հայտարարեց Տ. Սարգսյանը: Նրա խոսքից կարելի է կարծիք կազմել, թե զբոսաշրջիկները ՀՀ-ում այնքան շատ են, որ պետությունը չգիտի ինչ անել՝ հյուրերին դրսում չթողնելու համար: Այնինչ իրականում հյուրանոցների զգալի մասը կիսադատարկ է: Էլ չասած Երեւանի կենտրոնում առկա հյուրանոցների ավելցուկի մասին:
«Եթե միայն կենտրոնի հյուրանոցների թիվը չավելացնեն, հյուրանոցներ հիմնելու նախաձեռնությունը վատ չէ, բայց մենք գիտենք, որ կենտրոնն է, որ գերհագեցած է տարբեր միջին ու մեծ հյուրանոցներով, որոնց թիվը նույնիսկ հիմա աճի միտում ունի»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Ինչ վերաբերում է մարզերում տուրիզմը զարգացնելուն, ապա այստեղ խնդիրը ոչ թե նոր հյուրանոցներ կառուցելն է, այլ եղածներում հյուրերի քանակն ապահովելը: Զբոսաշրջության տեսանկյունից կաղ մարզերից է Շիրակը՝ Գյումրի քաղաքով հանդերձ: Գյումրիում գործող «Շիրակ տուր» տուրիստական ընկերության էքսկուրսավար Արտուշ Դավթյանի խոսքով` Շիրակում կան պատմամշակութային վայրեր, որոնք նախ նկատելի դառնալու խնդիր ունեն, միեւնույն ժամանակ ունեն նաեւ պոտենցիալ, որով կարող են հիացնել զբոսաշրջիկներին. «Օրինակ՝ Մարմաշենի վանքային համալիրը հիասքանչ զբոսաշրջային կենտրոն է, բայց դեպի վանք տանող խայտառակ անբարեկարգ ճանապարհի պատճառով չի գրավում զբոսաշրջիկների ուշադրությունը»: Ա. Դավթյանը, ի թիվս այլ խնդիրների, նշեց նաեւ Գյումրու թանգարանների ջեռուցման բացակայությունը. «Այն քաղաքում, որի թանգարանում զբոսաշրջիկը ցրտից փայտանում է, այլեւս հանգրվանելու մասին շատ չի մտածում, էլ ուր մնաց՝ մի բան էլ հյուրանոցի կարիք ունենա»:
Ինչեւէ. մեր վարչապետը հյուրասեր ու հյուրանոցասեր մարդ է, կարեւորը՝ հյուրանոցները լինեն… Իսկ խնդիրները կգան ու կգնան:
Հ. Գ. Ի դեպ, պակաս հյուրանոցասեր չէ նաեւ օրենսդիրի ղեկավարը. երեկ Ուրուգվայում «Արմենիա» հրապարակին մոտենալիս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ծիծաղելով ասել է. «Հայի խասիաթ ա, մի հատ հյուրանոց սարքենք ստեղ»:

Մ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս