Նոյեմբերի 23-ին պաշտոնապես կհիշատակվի սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի մահվան տարելիցը, իսկ մինչ այդ Հայաստան են եկել երգչուհու մեծ քույրը, աղջիկն ու տղան: Հրահատ Գեւորգյանը` երգչուհու ամուսինը, վատառողջ լինելու պատճառով կնոջ շիրիմին այցելել չի կարողացել, նա ԱՄՆ-ում է: Բայց անգամ օվկիանոսից այն կողմ նա արտահայտել է իր դժգոհությունը երգչուհու մարմարե արձանի վերաբերյալ։ Ըստ նրա` այն չի արտացոլում երգչուհու կերպարը:
Այս կապակցությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց արձանի հեղինակ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանին: Վերջինս մասնավորապես ասաց. «Քրոջ ընտանիքի անդամներից եկան իմ աշխատավայր եւ ցանկություն հայտնեցին, որ ես կերտեմ արձանը։ Մինչ այդ նրանք եղել էին մշակույթի նախարարությունում եւ այնտեղ էլ նույնն էին ասել։ Անցավ հունվարը, եկավ փետրվարը, ինձ զանգեցին ԱՄՆ-ից, ասացին՝ լավ կլինի ամեն ինչ, մի քիչ գումար կտանք, որ քար առնես։ Ես սկսեցի աշխատանքները, մի կտորից՝ 80×200 սմ չափսի քար հնարավոր չեղավ ճարել, եւ ես որոշեցի երկու կտորից անել՝ պատվանդան եւ կիսանդրի։ Զանգել եմ, պայմանավորվել, եկել նայել են, ոչինչ չեն ասել»։ Քանդակագործը «Ֆեյսբուք»-ով մի քանի անգամ լուսանկարներն ուղարկել է երգչուհու ամուսնուն, չորս տարբերակ է ներկայացրել, վերջինս նայել, ցուցումներ է տվել. «Ութ ամիս եղբոր կինն ու տղաները, ովքեր մի թաղամաս վերեւում են ապրում, ամեն օր` օրվա մեջ մի քանի անգամ, կողքիս են եղել, տեսել են պրոցեսը։ Հետո հենց իրենք սեպտեմբերի 15-ին՝ սուրբ խաչի օրը, վերամբարձ կռունկ բերեցին, արձանը տարան քաղաքային պանթեոն, դրեցին գերեզմանի մոտ, կողքերն էլ փակեցին, եւ այն դարձավ մի ամբողջական կերպար»:
Քանդակագործը նաեւ նշեց, որ մինչ այդ՝ մայիսին, եկել են Ֆլորայի ընկերուհիները եւ էլի ոչ մի առարկություն չեն ներկայացրել. «Հիմա ասում են՝ Ֆլորային նման չէ։ Բայց ես փորձել եմ դիմանկարի մեջ սիմվոլ դնել, ամբողջության մեջ գտնել երգչուհուն, ոչ թե ներկայացնել առանձին դետալներով… Ես ստեղծեցի հավաքական, շատ գեղեցիկ, ընդհանրական մի դիմաքանդակ, որը, իմ կարծիքով, այդ ամբողջ տարածքում գերիշխում է։ Բայց այդ տարածքը նեղ է հուշարձանի համար, նրան ավելի մեծ տարածք է հարկավոր։ Ի դեպ, ասում են, որ պատվանդանի մարմարի վրա կապույտ շերտ կա, բայց դա եղել է իրենց մեղքով։ Չելյաբինսկի մարմարը չի կարելի «պալիրովկա» անել, ինչի մասին իրենց զգուշացրել էի, բայց իրենք ինձ չլսեցին»։
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ