ՔԱՂԱՔԱՉՊԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած դեռ քիչ ժամանակ է անցել, այնուամենայնիվ, արդեն իսկ ընդհանուր գծերով կարելի է պատկերացում կազմել Երեւանի նորընծա քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքային գործելաոճի մասին: Իսկ այդ գործելաոճը, դատելով նրա` աշխատանքային խորհրդակցությունների ժամանակ արած հայտարարություններից ու տված հանձնարարականներից, ընդգծված հակասության մեջ է Տարոնի երիտասարդ տարիքի հետ:
Երեւանի քաղաքապետի խոսելաոճում կոմունիստական հին կուսակցապետերին բնորոշ տարրեր են նկատվում:  Մասնավորապես երեկվա աշխատանքային խորհրդակցության ժամանակ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մի շարք նախատոնական խնդիրների հետ կապված աշխատել շուրջօրյա ու անխափան.  «պետք է բացառել», «պետք է ապահովել», «պետք է կազմակերպել» եւ այլ նմանօրինակ ձեւակերպումների հետեւում մի տեսակ չերեւաց քաղաքապետի անձը` որպես մայրաքաղաքի թիվ մեկ տեր ու ծառա: Նաեւ չերեւաց քաղաքի հանդեպ ո՛չ այն «տղայական» կեցվածքով արտահայտվող, սակայն  ինչ-որ տեղ առինքնող սերը, որ ուներ Գագիկ Բեգլարյանը, ո՛չ էլ այն «դրայվը», որ ուներ Կարեն Կարապետյանը: Արդեն փորձառու չինովնիկի կեցվածքով ու տոնայնությամբ տրված Մարգարյանի հանձնարարականներն ավելի շատ հիշեցրին Երվանդ Զախարյանի ժամանակները, եւ այնպիսի տպավորություն է, որ Տարոն Մարգարյանը Երվանդ Զախարյանի  երիտասարդ տեսակն է:
Ի դեպ, այդ նմանությունը նկատելի էր նաեւ լրատվամիջոցների  հետ հարց ու պատասխանում, որտեղ  մեր երիտասարդ քաղաքապետը պատասխանները լղոզում էր իր տարեց նախորդից ոչ պակաս հմտությամբ: Այսպես` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` կապված հանրային տրանսպորտի վիճակի բարելավման հետ, Մարգարյանը սկսեց երգել դեռ Զախարյանի ժամանակներից  հայտնի ծեծված երգը. «Մենք ընդհանուր ծրագիր ենք մշակել, ծրագրով աշխատում ենք, եւ այսօր արդեն քննարկվում է նոր ցանցի ստեղծումը:  Մոտ ժամանակներս կունենանք 249 ավտոբուսներ ու դրա  հետ միասին նոր ցանց ստեղծելով` արդեն մրցույթներ կհայտարարենք:  Այս ամենի արդյունքում արդեն կունենանք նորմալ տրանսպորտ»: Ասել է թե` «էշ մի՛ սատկի, գարուն կգա»:  Լրագրողի հարցապնդմանը` «իսկ մինչ այդ ի՞նչ եք անելու  գծատերերին  կարգի հրավիրելու համար», Տարոն Մարգարյանը տալիս է շատ սպասելի պատասխան. «Երբ ցանցը եղավ, կհայտարարվի մրցույթ, ով այդ մրցույթի պահանջները կբավարարի, նա էլ հաղթող կճանաչվի»: Իսկ պատասխանը սպասելի է այն առումով, որ ի դեմս Տարոն Մարգարյանի` մենք գործ ունենք նախկին (գուցե նաեւ ներկա) գծատիրոջ հետ: Դեռ լավ է, որ նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ձեռնամուխ եղավ կանգառների, մասնավորապես մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարեւանությամբ գտնվող հատվածի տարբեր, այդ թվում եւ Տարոն Մարգարյանին պատկանող «Զեթ» տաքսի ծառայության մեքենաներից մաքրելուն:




Լրահոս