Թուրքիայից թմրամիջոց է տեղափոխել Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 1-ին՝ ժամը 09.15-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ վարչության և պետեկամուտների կոմիտեի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում, Հայաստանի Հանրապետություն ապօրինի թմրանյութ ներմուծելու կասկածանքով, «Բավրա» մաքսային կետից «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունք բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Արթուր Հ.-ն:

Խուզարկությամբ նրա բաճկոնի աջ գրպանից հայտնաբերվել է կպչուն ժապավենի մեջ փաթեթավորված գործարանային փաթեթավորմամբ «JAMAICAN GOLD 3gr.» գրառմամբ 4 փաթեթ, գոտկատեղից` կպչուն ժապավենով փաթեթավորված 3 հատ նույն գրառմամբ, գործարանային փաթեթավորմամբ նույն փաթեթից, իսկ բաճկոնի ձախ գրպանից` 1 հատ նույն փաթեթավորմամբ բացված փաթեթ, որի մեջ հայտնաբերվել է 1 գ կշռով բաց կանաչավուն գույնի, յուրահատուկ հոտով զանգված և 1 հատ բժշկական կաթոցիչ:

Արթուր Հ.-ի ուղեբեռի զննությամբ պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված շոկոլադի «FABILEM» գրառմամբ մածուկի միջից հայտնաբերվել և առգրավվել է կպչուն ժապավենով փաթաթված ծխախոտի թափանցիկ պոլիէթիլենային փաթեթի մեջ լցված, ընդհանուր 6 գ կշռով, մուգ շագանակագույն փոշենման զանգված:

Ըստ Արթուր Հ.-ի հայտարարության` առգրավված փաթեթների պարունակությունը «JAMAICAN» տեսակի թմրամիջոց է, որն օգտագործում են ծխելու միջոցով, իսկ փոշենման զանգվածը` կոկաին կամ հերոին տեսակի թմրամիջոց, որը գնել է Թուրքիայից և ապօրինի տեղափոխել Հայաստան` իր անձնական օգտագործման համար:
Նշանակված դատաքիմիական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ առգրավված 5.2 գ կշռով փոշենման զանգվածը հերոին տեսակի թմրամիջոց է:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժին, որտեղ 01.05.2014 թ. ՀՀ քր. օր.-ի 268 հոդվածի 3-րդ մասի և 215 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Արթուր Հ.-ն ձերբակալված է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս