ՎԵՐՋԻՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ (խմբագրական)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը երեկ վերջապես անդրադարձել է Իլհամ Ալիեւի հետ ունեցած իր վերջին հանդիպմանը: Տարօրինակն այն է, որ այդ կարեւոր իրադարձության մասին իր գնահատականները հնչեցնելու համար նա այցելել է … մշակույթի նախարարություն: Թե ում մտքով է անցել այդ «փայլուն գաղափարը», դժվար է ասել: Եթե հենց մշակույթի նախարարությունն ընտրելով՝ Բաղրամյան 26_ում ցանկացել են ցույց տալ, թե Ղարաբաղի հարցում ամեն ինչ այնքան կարգին է, որ այդ հանդիպման մասին առավել լուրջ մարմնում, օրինակ՝ կառավարությունում, ԱԱԽ-ում կամ որեւէ այլ ուժային կառույցում խոսելու անհրաժեշտություն չկա, ապա դա չափազանց արհեստական էր դիտվում: Ճիշտ այնպես, ինչպես շարքային քաղաքացու կարգավիճակով նստած Սերժ Սարգսյանը` նախարարության աշխատակիցների դիմաց: Ինչեւէ. պատասխանելով մշակույթի նախարարության աշխատակիցների` բնականաբար նախօրոք համաձայնեցված հարցերին, Սերժ Սարգսյանն ասել է. «Փաստորեն, այս հանդիպումը նշանակում է, ամենայն հավանականությամբ, բանակցությունների նոր փուլ եւ նոր սկիզբ. մենք գրեթե երկու տարի չենք ունեցել հանդիպումներ, իսկ դա նշանակում է, որ բանակցությունները բարձր մակարդակով դադարեցված էին: Ես Ադրբեջանի նախագահի մոտ տեսա խնդիր լուծելու ցանկություն, բայց դա բավարար չէ: Նույն ցանկությունն առկա է նաեւ մեզ մոտ: Անձամբ ես ցանկանում եմ, որպեսզի խնդիրը լուծվի հնարավորինս սեղմ ժամկետներում, բայց թե ինչ պայմաններով է ցանկանում Ադրբեջանի նախագահը խնդիրը լուծել, եւ ես ինչ պայմաններով եմ ցանկանում խնդիրը լուծել, ահա ամբողջ հարցը հենց այստեղ է»: Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանն օգտագործում է «ես ցանկանում եմ» արտահայտությունը` կապված մի հարցի հետ, որի լուծումը, բնականաբար, նրա ցանկությամբ չէ, որ պայմանավորված է լինելու: Եվ ամենեւին էլ ոչ այն ծեծված մոտեցման պատճառով, որ այդ հարցը պետք է լուծվի ողջ հայ ժողովրդի ցանկությամբ: Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանի` որպես Հայաստանի ղեկավար, ցանկությունը սեպտեմբերի 3_ից հետո դադարել է քաղաքական գործոն լինելուց: Մաքսային միությանն անդամակցելու «ցանկությունը», ըստ էության, Ս. Սարգսյանի վերջին ցանկությունն էր, որը քիչ թե շատ հետաքրքիր էր քաղաքական կենտրոններին: Իսկ դրանից հետո արդեն, ՀՀ նախագահի ինստիտուտը, իր ցանկություններով հանդերձ, զուտ բուտաֆորիկ նշանակություն ունի: Ու թերեւս հենց այդ իրողության գիտակցումից նյարդայնանալով էլ Ս. Սարգսյանն օգտագործում է «ես ցանկանում եմ» արտահայտությունը: Դրանից, սակայն, ցավոք, այլեւս ոչինչ չի փոխվի: Ցանկացողներն արդեն իրենց ցանկությունները քննարկում են այլ տեղում եւ այլ շրջանակների հետ: Թուրքիայի վարչապետ Էրդողանը, օրինակ, երեկ՝ Պուտինի հետ հանդիպումից հետո, հայտարարել է, թե ՌԴ նախագահի հետ Ղարաբաղի հարցով բանակցությունները թույլ են տվել Թուրքիային եւ Ռուսաստանին` ստեղծել ընդհանուր բազա` խնդրի լուծման համար:




Լրահոս