ՀՀ ֆինանսների նախարարության պետական վճարումների էլեկտրոնային e-payments.am համակարգի ծառայություններն այժմ հասանելի են նաև Մոբի դրամի միջոցով:
e-payments համակարգը հնարավորություն է տալիս քաղաքացիներին առցանց եղանակով առանց աշխատանքից կտրվելու և լրացուցիչ ժամանակ վատնելու անհրաժեշտ վճարումներ կատարել, այդ թվում՝ վճարել պետական տուրքերը, տեղական տուրքերը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվող վճարները, համայնքային վճարումները, վարչական տուգանքները:
Անհատ ձեռներեցները, մանր և միջին ձեռնարկատերերը այս համակարգի միջոցով կարող են կատարել ՀՀ պետական բյուջեի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունները: «Եթե բանկային համակարգի միջոցով վճարումներ կատարելու պարագայում դրանք 1-2 բանկային օրում են հաշվեգրվում պետական բյուջե, ապա e-payments.am–ը հնարավորություն է տալիս մեկ ակնթարթում ապահովել գումարների հաշվեգրումը գանձապետական հաշիվների վրա»,-նշում է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի գործառնական վարչության պետ Ժիրայր Տիտիզյանը:
ՀՀ ֆինանսների նախարարության e-payments պետական վճարումների առցանց համակարգին նախորդ ամիս միացել էր նաև Telcell-ը, որի միջոցով արդեն իսկ իրականացվել է թվով 3483 գործարք: Գործընթացը շարունակական է: e-payments պետական վճարումների առցանց համակարգին միանալու համար պայմանագիր է կնքվել «ԲՏԱ-Բանկ» ՓԲԸ-ի հետ:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին