ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՐՈՒՆԸ` ՓԵՏՐՎԱՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այդ սցենարի դեպքում  ԲՀԿ-ն տարրալուծվելու է ՀՀԿ-ի կամ ինչ-որ մի  նորացված Հանրապետական կուսակցության եւ վերջանալու»,-ՀՀԿ-ի հետ միասնական ցուցակով գնալու դեպքում Գագիկ Ծառուկյանի կուսակցությանն այսպիսի ապագա է կանխատեսում Մոսկվայի «Միաբանություն» ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանը, ում հետ հարցազրույցի շարունակությունը ներկայացնում ենք ստորեւ:
-Պարո՛ն Կարախանյան, առաջիկա զարգացումներում Ռոբերտ Քոչարյանի դերակատարության մասին ի՞նչ կասեք:
-Ռոբերտ Քոչարյանը մինչեւ վերջին պահը, իմ կարծիքով, չի խառնվելու իրավիճակներին: Այսինքն` մանր կամ տակտիկական հարցերում, իսկ  սկզբունքայնորեն վերջում հարցը գնալու է այսպես. եթե «Բարգավաճ»-ի եւ Հանրապետականի այս խոսակցությունը հստակորեն չեկավ ինչ-որ մի ընդհանուր հայտարարի, ապա Ռոբերտ Քոչարյանի դերը կտրուկ կաճի: Եթե այդ հարցը չլուծվի, Ռոբերտ Քոչարյանը ստիպված կլինի ակտիվ մտնել քաղաքական դաշտ, հայտարարություններ անել եւ այլն: Հարցը` կա՛մ աջ, կա՛մ ձախ, իմ կարծիքով, վերջնականապես կլուծվի հունվարի վերջին փետրվարի սկզբին: Ռոբերտ Քոչարյանի թեման երկու-երեք տարի է` արծարծվում է. բնական է, նա ունի բիզնես, տնտեսական, քաղաքական խնդիրներ ու շահեր, որոնք պետք է պահի` ձգտելով ստանալ  երաշխիքներ: Դրա համար Քոչարյանին անհրաժեշտ էր, ինչպես ցանկացած այլ երկրում նախագահության ինստիտուտի միջոց անցած ցանկացած այլ մարդու, ունենալ իրեն հավատարիմ մեկ-երկու քաղաքական ուժեր, որպեսզի պահվեն իշխանության մեջ: Բայց հարցը, որ դրվում է մամուլում, թե նա  միանշանակ ուզում է Ռուսաստանի հովանավորությամբ մտնել քաղաքական դաշտ եւ այլն,  այսօր բոլորի համար պարզ է, որ նման բան  չկա:
-Այնուամենայնիվ, ինչպե՞ս կլուծվի ԲՀԿ-ՀՀԿ սրացումը` կգնան միասի՞ն, թե՞ առանձին-առանձին:
-Համենայնդեպս այսօրվա դրությամբ իրավիճակն այսպիսին է. ԲՀԿ-ն ինքը մինչեւ վերջ, իր բոլոր ռեսուրսներով առեւտուր է անելու: Այսինքն` առեւտուր է անելու ե՛ւ իշխանական դաշտի, ե՛ւ ընդդիմադիրների հետ: Հարցը միայն Կոնգրեսին չի վերաբերում: Բայց հիմա ԲՀԿ-ի առաջ էլ պրոբլեմ կա. եթե ինքը գնում է դեպի իշխանական դաշտ, այսինքն` միասնական ցուցակով մտնում է խորհրդարան, ապա միանշանակ կորցնում է ոչ միայն  կուսակցության շատ անդամների եւ համախոհների աջակցությունը, այլեւ Ռուսաստանի օգնությունը, որ նա ունեցել կամ օգտագործել է: Սա հասկանում են բոլորը: Այդ սցենարի դեպքում  ԲՀԿ-ն տարրալուծվելու է ՀՀԿ-ի կամ ինչ-որ մի նորացված Հանրապետական կուսակցության  եւ վերջանալու: Եթե նույնիսկ իրենց բիզնես շահերն ինչ-որ ձեւով պահեն, որպես քաղաքական ուժ` ինքը վերանալու է: ԲՀԿ-ն շատ լավ հասկանում է դա, դրա համար պետք է առավելագույնս  ձգի այս իրավիճակը, վերջին մոմենտին նայի, տեսնի` ինչ է կատարվում ռեալ քաղաքական ուժերի դասավորվածության առումով: Այնպես որ, հայաստանյան գարունը կսկսվի փետրվարին եւ կշարունակվի մարտին:  
-Տեսականորեն հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն միանա Կոնգրեսին:
-Միանալու խնդիր չկա, տեսականորեն, բնականորեն  եւ գործնականորեն հնարավոր է, որ բոլոր ուժերը` ԲՀԿ-ն, «Ժառանգություն»-ը, Կոնգրեսը, լինեն իրար հետ: Ռուսաստանը բոլոր այն ընդդիմադիր ուժերին, որոնց հետ կան շփումներ, հստակ ասել է` մենք ձեզնից ուզում ենք հայամետ քաղաքականություն: Այսինքն` հայ ազգային պետականության քաղաքականություն: Բայց էսօրվա դրությամբ պուտինյան նոր թիմը, իսկ Պուտինը ընտրվելու է նախագահ ավելի շատ ձայներով, քան «Եդինայա Ռոսիա»-ն, խնդիր է դնելու, որպեսզի Հայաստանը վարի հայամետ քաղաքականություն:
-Ձեր կարծիքով` Պուտինը լոյա՞լ է վերաբերում Հայ ազգային կոնգրեսին:
-Ես չգիտեմ, թե Կոնգրեսի քաղաքական մարմինն ընտրություններից առաջ ի՞նչ որոշումներ կընդունի, բայց այսօրվա դրությամբ կարող եմ ասել, որ մասամբ մասնակից լինելով բոլոր այդ հանդիպումներին եւ բանակցային պրոցեսներին`   Կոնգրեսից հստակ մի բան է ակնկալվում. որ տարվի հայամետ քաղաքականություն: Հարցը դրված չէ ռուսամետ, այլ` հայամետ: Հարցը դրվում է այսպես. մենք ի՞նչ տեսակ Հայաստան ենք ուզում` որ արեւմտյան կցորդ դառնա ու տարբեր ասոցացված միությունների միջոցով մտնի Թուրքիայի տա՞կ, արեւմտյան  ստրատեգները Հայաստանում ստեղծեն տրանզիտային արտաքին ռազմական հարթակնե՞ր: Հետո էլ վերջին պահին գան ռուսների գիրկը, ասեն. «Մենք ձերն ենք` ոտքով, գլխով, հոգով, սրտով»:
-Պարո՛ն Կարախանյան,  հաշվի առնելով այս տրամադրությունները, ըստ Ձեզ, դրանք  ինչպե՞ս կանդրադառնան «Հայաստան»  համահայկական հիմնադրամի  առաջիկա ճաշկերույթ-դրամահավաքի հանգանակության վրա:
-Ըստ իս, այս անգամ այն կանցնի շատ իներտ: Բոլորս հնարավոր ամեն ինչ անում ենք, օգնում: Բայց մարդիկ չեն տեսնում դրա արդյունքները: Մարդիկ գալիս ասում են` «մենք էլի անենք, բայց չենք տեսնում արդյունքը»: Ինքս, օրինակ, շատ բիզնեսմեններ գիտեմ, որոնց անունները չեմ ուզում տալ, որովհետեւ այն հայտնի անունները չեն, որ անընդհատ շրջանառության  մեջ են. չկան, բայց  բոլոր մարդիկ  ասում են: Կեսից շատն էլ, կներեք արտահայտությանս համար, քցված են… Հայաստանում տարբեր բիզնեսների մեջ:

ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս