ԵՐԿԻՐԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ Է, ՄԵՆՔ ՏԵՂՅԱԿ ՉԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժողովրդավարության իր մակարդակով Հայաստանն աշխարհում 165 երկրների մեջ 111-րդն է եւ դասվում է հիբրիդային ռեժիմների շարքին: Նման եզրակացության են եկել բրիտանական «Էկոնոմիստ» հանդեսի փորձագետներն իրենց վերջին զեկույցում: Նշենք, որ հիբրիդային ռեժիմները միջանկյալ կարգավիճակ ունեցողներն են:
Օրինակ՝ ՌԴ-ն, որն անցած տարի դասվել էր այս խմբի մեջ, ժողովրդավարության ոլորտում գրանցած հետընթացի պատճառով հայտնվել է ավտորիտար ռեժիմների շարքում: Նույն պատկերն է գրանցվել նաեւ Ադրբեջանի դեպքում. այս երկիրը եւս համարվում է ավտորիտար: «Էկոնոմիստ»-ի զեկույցի համաձայն՝ հիբրիդային ռեժիմներում ընտրությունները, որպես կանոն, ուղեկցվում են էական խախտումներով, գրեթե համատարած է կոռուպցիան, եւ օրենքի իշխանությունն ու քաղաքացիական հասարակությունը` թույլ: Համեմատության համար նշենք, որ 1992-1993թ՝ Արցախյան պատերազմի ամենաթեժ պահերին Հայաստանը, նույն միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, Freedom Hous-ի հետազոտությունների համաձայն, համարվում էր հետխորհրդային երկրների մեջ ամենաժողովրդավարական ու ամենաազատներից մեկը` չզիջելով, երբեմն նաեւ գերազանցելով մերձբալթյան երկրներին: Մինչդեռ հիմա, փաստորեն, ժամանակին ժողովրդավարության կղզյակ համարվող Հայաստանը դարձել է «հիբրիդային»:
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը կարծում է, որ ՀՀ-ում իրականությունը շատ ավելի վատ է, քան եվրոպացիները կարողացել են արձանագրել: «Վերջին 10 տարիների ընթացքում չկա մի ցուցանիշ, որտեղ Հայաստանը առաջընթաց գրանցած լինի ե՛ւ երթերի, ցույցերի ազատության, ե՛ւ տնտեսական զարգացվածության, ե՛ւ կոռուպցիայի ոլորտներում: Հատկապես կոռուպցիայի ոլորտում ամենախայտառակ վիճակն է. մենք 125-126-րդ տեղում ենք, մինչդեռ մի քանի տարի առաջ 75-79-րդն էինք: Այնպես որ, չկա մի ցուցանիշ, որտեղ մենք դրական առումով առաջընթաց գրանցած լինենք: Հայաստանի մասին տարբեր բնագավառների վերաբերյալ միջազգային կազմակերպությունների ցուցանիշները գահավիժում են: Եվ սա այն դեպքում, երբ նշված ցուցանիշներում բացակայում են բանակում կատարվող այլանդակությունները, Հայաստանից մարդկանց ու տնտեսության արտահոսքը, մարզերի դատարկվելը»,- ասաց Մանուկյանը: Նրա համոզմամբ՝ հրապարակված ցուցանիշները սոսկ թվեր չեն, այլ ահազանգում են երկրի կործանման մասին: Մինչդեռ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ համաձայն չէ նման տեսակետի հետ: «Անհնար է, որ Հայաստանը տեղաշարժ գրանցած չլինի, Հայաստանը պետք է այդ երկրների մեջ առնվազն 60-70 միջակայքում լիներ: Երկիրը նորմալ առաջ է գնում»,-հայտարարեց Պետրոսյանը: Իսկ որպես իր ասածի ապացույց, Ռաֆիկ Պետրոսյանն օրինակ բերեց ԱԺ ընդունած օրենքներ կանանց եւ տղամարդկանց իրավունքների հավասարության, երեխաների իրավունքների մասին:
Նկատենք, սակայն, որ «Էկոնոմիստ»-ը չէ Հայաստանի վերաբերյալ նման գնահատականներ հնչեցրել: Վերջին տարիներին դժվար է գտնել որեւէ միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություն, որն իր զեկույցներում խոսի ՀՀ-ում դրական տեղաշարժի ցուցանիշների մասին: Վերջին շրջանի ամենասկանդալային գնահատականը, թերեւս, տվել էր «Ֆորբս» ամսագիրը: Ըստ նրա` Հայաստանը հայտնվել էր աշխարհի 10 վատագույն տնտեսությունն ունեցող երկրների ցանկում: Իսկ «Մուդիս» միջազգային վարկանիշային հեղինակավոր կազմակերպությունը մեկ աստիճանով իջեցրել էր Հայաստանի վարկանիշը՝ կարեւորելով ՀՀ արտաքին պարտքի սպասարկման դժվարությունը եւ գործընկեր երկրներում` Ռուսաստանում ու Եվրամիությունում, տնտեսական աճի դանդաղեցման սպասումները: Ռաֆիկ Պետրոսյանը, սակայն, պնդում է, որ նման ցուցանիշների հրապարակումները ՀՀ վրա անուղղակի ճնշումներ գործադրելու նպատակ են հետապնդում: «Երբ հարաբերությունները վատանում են կամ ուզում են մեզ մի բան թելադրած լինել, միանգամից նման տոկոսներ են մեջտեղ բերում: Ես այդ տոկոսներին չեմ հավատում»,-ասաց Պետրոսյանը:
Իշխանության ներկայացուցչից այլ պատասխան, թերեւս, չէինք էլ ակնկալում: Ավելին, եթե միջազգային կազմակերպությունների ցուցանիշներն իշխանությունների համար փոքր-ինչ դրական պատկեր են ստեղծում, չգիտես ինչու, կոալիցիայում դրան ոչ միայն հավատում են, այլեւ առիթը բաց չեն թողնում ամեն անգամ այն թմբկահարելու համար: Իսկ երբ այդ տվյալներն արտացոլում են երկրում ստեղծված իրական պատկերը, նրանք այդ ամենին չեն հավատում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս