Ազգային Ժողովի նախագահի ընտրությունների արդյունքներով խորհրդարանի ղեկավար դարձավ Գալուստ Սահակյանը: Հետաքրքիրը, սակայն, ոչ թե Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցրած Գալուստ Սահակյանն է, այլ ընտրությանը մասնակցած ԲՀԿ-ի «առեղծվածային» քվեարկությունը:
Դատելով քվեարկության արդյունքներից` Գալուստ Սահակյանը ընտրվեց 101 կողմ և 3 դեմ ձայներով: Վերջին 3 ձայները բաժին էին ընկել Գ. Սահակյանի մրցակից ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանին:
Թեև ԲՀԿ մի քանի պատգամավորներ հայտարարել էին, որ քվեարկել են ՀԱԿ-ի պատգամավորի օգտին, սակայն զարմանալիորեն Բագրատյանի ձայներն այդպես էլ չէին ավելացել:
Հաշվի առնելով, թե Հայաստանում ազգակցական ու խնամիական կապերը որքան ամուր են և հաճախ որոշիչ են դառնում քաղաքական ինչ-ինչ հարցերի ժամանակ, ենթադրելի է, որ ԲՀԿ անդամները այդ սկզբունքն են հաշվի առել, մասնավորապես, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Գալուստ Սահակյանի որդու աներձագի զոքանչն է, հետևաբար հազիվ թե նա կողմ քվեարկեր Հ.Բագրատյանին:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ում օգտին է, ի վերջո, քվեարկել Նաիրա Զոհրաբյանը, խմբակցության ղեկավարը նշեց, որ իր իրավունքն է չբարձրաձայնել իր քվեարկության մասին: «Քվեարկությունը գաղտնի է, ու ես ոչ արդարանալու ցանկություն ունեմ, ոչ էլ բացահայտելու իմ քվեարկությունը»,- ասաց քաղաքական գործիչը:
ԲՀԿ խմբակցության քարտուղարը նաև հիշեցրեց` ինքն այն քաղաքական գործիչներից չէ, որն առաջնորդվում է անձնական հարաբերություններով:
«Գալուստ Սահակյանն իմ խնամին չէ: Նա իմ աղջկա ամուսնու քրոջ կեսրայրն է: Իսկ ես ունեմ հստակ սկզբունքներ, որոնք չեմ զիջում» ,- վստահեցրեց պատգամավորը:
-Տիկին Զոհրաբյան, ԲՀԿ մի շարք պատմագավորներ հայտարարեցին` քվեարկել են Բագրատյանի օգտին, բայց Բագրատյանին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը 3-ից չի անցնում: Սա ձեզ համար տարօրինակ ու անհասկանալի չէ՞:
-Ինձ համար շատ բան է հասկանալի: Ես հավատում եմ իմ այն գործընկերներին, որոնք ասում են, որ քվեարկել են Հրանտ Բագրատյանի օգտին: Ես կրկնում եմ` չեմ կարծում ԱԺ նախագահի ընտրությունը երկրի թիվ մեկ հարցն է: Քաղաքական այն ուժերի շահագրգռվածությունը հասկանում եմ, որ փորձում են այս թեման թեժ պահել երկրի իրական խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու համար, բայց նորից եմ կրկնում՝ հավատում եմ իմ գործընկերների հայտարարություններին:
-Իսկ միգուցե արժե՞ր, որ Բագրատյանի օգտին քվեարկած ԲՀԿ պատգամավորները լուսանկարեին իրենց քվեաթերթիկները:
-Ոչ, չարժեր, ես դա համարում եմ արդարանալու փորձ: Ես չեմ կարծում, որ իմ գործընկերներն իրենց քվեարկությունը կատարելուց հետո պետք է լուսանկարեին իրենց քվեաթերթիկը: Ես նման բան չէի անի:
Սոնա Դավթյան