Ճակատագրական թյուրիմացությունը չներվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հովիկ Աբրահամյանի հետ շփումը վտանգավոր է դառնում լրատվամիջոցների համար:

«Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական թողարկման ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունը սխալ գրած աշխատակիցն ու նյութի հեղինակ լրագրողն ազատվել են աշխատանքից: «Արմենիա»-ի տնօրինությունը հաստատել է տեղեկությունը:

Այսպիսով, հեռուստաընկերության երկու աշխատակից աշխատանքային երկուշաբթին սկսեց գործազուրկի կարգավիճակ ձեռք բերած: Եվ փոքր է հավանականությունը, որ նույն կենտրոնից ղեկավարվող հեռուստաընկերութուններից որևէ մեկը նրանց աշխատանքի վերցնի:

Եթե տեխնիկական վրիպակը ներվեր, ապա «Արմենիա»-ն էլ կարող էր բավարարվել, ասենք, խիստ նկատողությամբ կամ տուգանքով: Բայց խնդիրն էլ հենց այն է, որ «Արմենիա»-ին չեն թողել ինքնուրույն հարթել, թեկուզև տհաճ, բայց ամեն դեպքում հաղթահարելի իրավիճակը:

Ինչպես ավելի ուշ է պարզվել, շունչները պահած «շեֆի» ելույթին հետևող կառավարությունից անմիջապես զանգահարել են «Ժամը» լրատվական թողարման պատասխանատուին ու շատ կոնկրետ պահանջով հանդես եկել: Հետևանքները հայտնի են: Իշխանության կրնկի տակ գործող հեռուստաընկերությունը չէր կարող հապաղել ու անգամ վայրկյան կորցնել կառավարությունից ներկայացված պահանջի շուրջ մտածելու համար: Որոշում-հրամանն իսկույնևեթ պետք էր իրագործել:

Թեթև ձեռքով գործազուրկների ստվար բանակը ևս երկուսով համալրած Հովիկ Աբրահամյանը, բնականաբար, լռում է: Նրա անունը ճակատագրական տողատակում «Հավիկ» է երևացել, ու նա հավատացած է, թե նման անմեղ սխալը լրջագույնս պետք է պատժվի:

Հ. Գ. Ժամանակին «Հ1»-ի հեռուստահաղորդավար Ֆելիքսն էր մկների մասին ինչ-որ պատմություն պատմել, և դա նրա համար նույնպես ճակատագրական էր դարձել:




Լրահոս