«Արմենիան» հաճոյացել է իշխանություններին. Լևոն Բարսեղյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը,  armlur.am– ի հետ զրույցում խոսելով ՀՀ վարչապետ  Հովիկ Աբրահամյանի անունը սխալ գրած աշխատակցի և նյութի հեղինակ լրագրողի` «Արմենիա» հեռուստաընկերությունից հեռացված լինելու մասին, համոզված ասաց, որ դա տեխնիկական  խնդիր է, իսկ ավելի կոնկրետ` անհեթեթ պատմություն:

«Եթե ուշադիր լինեին, կտեսնեին, որ ստեղնաշարի վրա «ա» և «ո» տառերն իրար կողքի են: Եթե աշխատակիցը ցանկանար դիտավորյալ  որևէ բան անել, ապա հավիկ  չէին գրի, կգրեին ավելի հայտնի կենդանու անուն: Դա վրիպակ է, որը լինում է աշխարհի ամենաառաջատար հեռուստաընկերություններում: Համենայնդեպս, մարդկանց աշխատանքից ազատելն անարդարացի է: Իսկ  անօրինական է, թե ոչ, պետք է նայել հեռուստաընկերության և աշխատակիցների միջև կնքված պայմանագրերից` մասնավորապես պայմանագրերում գրվա՞ծ է, որ լրագրողը պատասխանատու է լուսագրեր շարողի աշխատանքի համար»,- մանրամասնեց Բարսեղյանը:

-Պրն Բարսեղյան, հաշվի առնելով, որ հեռարձակման ոլորտը  իշխանությունների ձեռքում է, կարծում եք «Արմենիան» ինքնուրո՞ւյն է կայացրել այդ որոշումը:

-Ես կարծում եմ` «Արմենիան» որոշել է հաճոյանալ և հավատարիմ մնալ իշխանության գծին: Ես կասկածում եմ, որ Հովիկ Աբրահամյանը տեղյակ է այդ ամենի մասին: Ես կարծում եմ, որ եթե իմանա, պետք է անի ամեն ինչ՝ վերականգնելու մարդկանց աշխատանքը: Որևէ դիտավորություն չկա և չի կարող լինել: Ես չէի հեռացնի իմ աշխատակցին, եթե նման բան տեղի ունենար:

 Armlur.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ  նաև «Արմենիա» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Գագիկ Մկրտչյանից, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան:

Հ.Գ. Նյութը պատրաստելուց հետո տեղի ունեցածի վերաբերյալ  հայտարարությամբ հանդես եկավ նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:




Լրահոս