«Ժողովուրդ»-ը ներկայացրել էր բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են, որ Հայաստանի 20-ամյա պատմության մեջ ամենաթափանցիկ ընտրություններն անցկացնելու «սպառնալիք» հայտնած իշխանությունները ողջ կոալիցիոն մեծամասնությամբ արդեն իսկ սկսել են խախտել Ընտրական օրենսգրքի պահանջները` սկսած գալիք տարվա` երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը կազմելուց, վերջացրած ուսումնական ու բուժական հաստատությունները «բռնի» կուսակցականացնելով ու ժամկետանց ձեթի «նվիրաբերմամբ»:
Ստորեւ ներկայացվող տվյալները տրամադրել է Ռուբեն Թորոսյանի հիմնադրած «Ընտրությունների օրինականությունը վերահսկող հասարակական հանձնաժողով»-ն այս ընթացքում իրականացված մոնիթորինգի տվյալների հիման վրա: Դրանք հիմնականում վերաբերում են ԲՀԿ-ին, ինչը, բնականաբար, չի նշանակում, թե ՀՀԿ-ն ու կոալիցիոն ՕԵԿ-ն այս առումով ԲՀԿ-ին զիջում են: Ավելին, տպավորություն է, որ լեյտենանտ Շմիդտի զավակների օրինակով կոալիցիայի երեք զավակները բաժանել են տարածքները, որտեղ պետք է գործի «կրթությունը` ՀՀԿ-ին, առողջապահությունը` ԲՀԿ-ին» բաժանումը, ու դեռ կկռվեն «կոնվենցիան» ոտնահարելու համար:
Եւ այսպես. «ներկայացնում է» «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը:
Հաղորդագրություններ. ԲՀԿ «պետականաշինության» մասին.
Երեկ «պետականաշինության» տոն էր ԲՀԿ-ում. հանրապետության տարբեր բուժհիմնարկների բազմաթիվ աշխատակիցներ կոլեկտիվ երդում են տալիս ԲՀԿ շարքերն ընդունվելու համար:
12.12.2011. Տարբեր բուժհիմնարկների աշխատակիցներ համալրեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը:
«Ընդունելով ԲՀԿ ծրագրային դրույթները, տեսնելով կուսակցության ծավալած մեծամասշտաբ գործունեությունը կյանքի տարբեր ոլորտներում եւ ոգեշնչված լինելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կերպարով՝ հանրապետության տարբեր բուժհիմնարկների բազմաթիվ աշխատակիցներ կուսակցությանն անդամակցելու որոշում են կայացրել: Նորաթուխ կուսակցականներն ընդգծել են, որ միավորվել են գործելու հաստատակամությամբ եւ աշխատելու են ի նպաստ մեր երկրի եւ հանուն բարգավաճ Հայաստանի կերտման: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ողջունել է առողջապահության ոլորտի ներկայացուցիչների` քաղաքականություն մուտք գործելու այս որոշումը՝ շեշտելով, որ ամեն ինչից առավել մարդկանց վստահությունն ու հավատն է, որը սրբության պես պահելու ու պահպանելու է:
21.04.2011. «100-ից ավելի երիտասարդներ անդամագրվեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց կուսակցության շարքերն անդամակցել ցանկացող Երեւանի Կենտրոն համայնքի 100 երիտասարդների հետ: Ընդունելով ԲՀԿ ծրագրային դրույթները, տեսնելով կուսակցության կատարած մեծամասշտաբ գործունեությունը՝ երիտասարդները կուսակցությանն անդամակցելու որոշում են կայացրել: Ողջունելով երիտասարդների` քաղաքականություն մտնելու այս որոշումը՝ Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ միշտ եղել է երիտասարդների կողքին եւ այսուհետ եւս սատարելու է նրանց: «Շատ ուրախ եմ մեր այսօրվա հանդիպման համար, այն, որ բազմաթիվ երիտասարդներ անդամագրվում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, մեզ ավելի է պարտավորեցնում: Ես մեծ ուշադրություն եմ դարձնում երիտասարդներին, քանի որ նրանք են մեր ապագան»,-ելույթում նշել է ԲՀԿ նախագահը: Երիտասարդները ԲՀԿ անդամ են դառնում հանդիսավոր երդման արարողությունից հետո: Կուսակցության անդամ դառնալուց հետո նրանք իրենց կուսակցական տոմսերը ստանում են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանից:
Իրավական մեկնաբանություն
ՀՀ օրենսդրության, այդ թվում ԲՀԿ կանոնադրության պահանջների համաձայն` կուսակցությունն անհատական անդամության հիման վրա ստեղծված հասարակական միավորում է: Հակասահմանադրական (7 եւ 28-րդ հոդվածներ) այս գործընթացը սկսվել է դեռեւս այս տարվա ապրիլ ամսից:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի առողջապահական աննախադեպ ակցիաներին, «Ժողովուրդ»-ը դրանց բազմիցս անդրադարձել է: Ի դեպ, կոալիցիոն մեծամասնության ջանքերով սա համարվում է միանգամայն օրինական գործունեություն, քանի որ միջազգային փորձաքննություն անցած կոալիցիոն նոր Ընտրական օրենսգրքում ամրագրված է. «Մինչեւ նախընտրական քարոզչության համար սահմանված ժամանակահատվածը կուսակցությունները կարող են անձամբ կամ նրանց անունից կամ որեւէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ»:
Կոալիցիան ահա այսպես համերաշխ գնում է 2012-ի համապետական ընտրություններին:
Հ.Գ. ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի ընտրախախտումները` հաջորդիվ:
ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է «ԾԱՌՈՒԿՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ