ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ՄՆՈՒՄ Է ՕԴԻՑ ԿԱԽՎԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարեվերջին իր առաքելությունն ավարտող ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն Բաքվում հայտարարել է, թե Հարավային Կովկասում իրադրությունը բարելավելու համար պետք է արագացնել ԼՂ հակամարտության կարգավորումը: «Այսօր տեսնում ենք, թե ինչ է կատարվում Մերձավոր Արեւելքում: Հակամարտության ձգձգումը հանգեցնելու է լուծումների բարդացմանը»,-ասել է Ֆասիեն: Նա ընդգծել է, որ եկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամանակը:

ՀԱՐՑ. 2011-ն էլ անցավ, բայց Արցախի հիմնախնդիրը կրկին չլուծվեց: Ըստ Ձեզ` ե՞րբ կլուծվի ղարաբաղյան հիմնահարցը, եւ ի՞նչ խոչընդոտներ կան դրա համար:

ՊԱՏԱՍԽԱՆ. Արցախի հարցը, իմ կարծիքով, ո՛չ 11-ին, ո՛չ 12-ին, ո՛չ 15-ին չի լուծվի, էնպես, ինչպես Կիպրոսի հարցը չի լուծվում, որովհետեւ Հայաստանը, Ադրբեջանը մեծ խաղի փոքրիկ տիկնիկներն են, որոնց իրական տերերը մեծ տերություններն են` Եվրոպան, Ամերիկան եւ, իհարկե, Ռուսաստանը: Մինչեւ 2015 թիվը ես դա չեմ տեսնում: Եթե Ռուսաստանում այս խմորումները, որ շատ լուրջ բնույթներ են կրում, շարունակվեն, ու էնտեղ իշխանական համակարգը փոխվի, ոչ թե անձը, եւ նրանց վերաբերմունքը փոխվի իրենց հարեւանների հանդեպ, գուցե էն ժամանակ ինչ-որ բան հնարավոր կլինի անել, այլապես ոչ մի բան չի փոխվելու:   

ԳԱԳԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ
 ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր

ՊԱՏԱՍԽԱՆ. Կարծում եմ` արցախյան հիմնահարցը հայերի համար շուտվանից է լուծվել, ես համարում եմ, որ այսօր գոյություն չունի արցախյան կոնֆլիկտ, այլ գոյություն ունի հայ-ադրբեջանական կոնֆլիկտ, որտեղ հայկական կողմը կիսատ է թողել իր գործը, այս պարագայում նկատի ունեմ Նախիջեւանը: Այսինքն` մենք այսօր ունենք կոնֆլիկտ Ադրբեջանի հետ` հանձին Նախիջեւանի, իսկ արցախյան հարցը վաղուց է լուծված հայկական կողմի համար: Ուղղակի այս բանակցային պրոցեսը ես կասեի` նրա համար է, որ համապատասխան երկրները, որոնք զբաղվում են այդ հարցով, ընդամենն օգտագործեն այդ հաղթաթուղթը:

ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆ
«Սարդարապատ» նախաձեռնության ղեկավար

ՊԱՏԱՍԽԱՆ. Ես կարծում եմ, որ 2012 թվականին կշարունակվեն բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Մինսկի խմբի համանախագահ երկրները` Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, հատկապես այս տարի Ֆրանսիան, կձեռնարկեն լրացուցիչ քայլեր ու ջանքեր` առաջ մղելու համար բանակցային գործընթացը: Այն անպայմանորեն շարունակվելու է, պարզապես անհրաժեշտ են թարմ գաղափարներ, թարմ մոտեցումներ, միգուցե նաեւ թարմ ռեսուրսներ: Թարմ ռեսուրսներ ասելով` ես նկատի ունեմ մասնավորապես խորհրդարանական դիվանագիտության ջանքերը, եւ որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում մեր պատվիրակությունները կարող են բերել իրենց նպաստը դիրքորոշումների մոտեցման ուղղությամբ:

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ


ՊԱՏԱՍԽԱՆ. «Մուսինյանի՛ն հարցրեք»,-առանց հարցը լսելու պատասխանեց Հայ ազգային կոնգրեսի անդամ Դավիթ Շահնազարյանը` այդպիսով հրաժարվելով իր տեսակետը հայտնել:

Պատրաստեց ՆԱԻՐԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ




Լրահոս