«Նոր ժամանակներ» կուսակցությունն իր ակտիվի հավաքի ժամանակ ընդունել է հայտարարություն այն մասին, որ «Հայաստանում արմատական բարեփոխումներն այլընտրանք չունեն, ինչը հնարավոր է բացառապես հեղափոխական ճանապարհով, որը իր բնույթով պետք է լինի թավշյա»:
Armlur.am-ի հետ զրույցում «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանն ասաց, որ թավշյա հեղափոխություն ասվածը հանդարտ, անցնցում իշխանափոխությունն է ժողովրդի մասնակցությամբ:
– Այսինքն` հայկական մայդան առանց զինված բախումների: Համաշխարհային պատմության մեջ եղել են թավշյա հեղափոխության օրինակներ: 1980-ականների գրեթե բոլոր հեղափոխությունները թավշյա են: Ասեմ, որ աշխարհաքաղաքական գործընթացներն այսօր այնպես են ընթանում, որ ՀՀ իշխանությունները շուտով հրաժարական կտան հենց թավշյա հեղափոխության ճանապարհով:
-Բայց Սերժ Սարգսյանից հետո ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարությամբ հանդես եկավ և ասաց, որ նախագահի ու վարչապետի պաշտոնին հավակնողների ուղին անցնելու է Մելիք–Ադամյան փողոցով:
-Իրենք մտածում են, որ ՀՀԿ-ն ապագա 10 տարում կլինի կարևոր դերակատար քաղաքական կյանքում, բայց դա այդպես չի լինի : Ես վստահ եմ` ուկրաինական դեպքերը բերելու են խիստ առճակատման, ավելին` այդ դեպքերի սոցիալական, քաղաքական ելևէջները դրսևորվելու են նաև Հայաստանում: Եթե այստեղ համակարգն այնքան թուլանա, որ առանց ուժի կիրառման հնարավոր լինի գնալ իշխանափոխության, ապա «Նոր ժամանակներ»-ը թավշյա հեղափոխության գործընթացը կսկսի, եթե իհարկե, այդ ընթացքում ժողովրդի վիճակն այնքան լավացած լինի, որ չուզենա փողոց դուրս գա: Թավշյա հեղափոխությունն անհրաժեշտ է, քանի որ միայն այդ դեպքում Հայաստանը քաղաքական դաշտում որպես ինքնուրույն օբյեկտ և սուբյեկտ կարող է հանդես գալ:
-Կա տեսակետ, որ ժողովուրդը հիասթափվել է քաղաքական ուժերից ու այլևս փողոց դուրս չի գա:
-Մենք ոչ մի անգամ ժողովրդին չենք խաբել ու էլի մարդիկ կան, որ չեն խաբել ու հիասթափեցրել ժողովրդին, օրինակ՝ Սասուն Միքայելյանը:
-Պրն Կարապետյան, արդյոք ժողովուրդը պատրաստ է համախմբվել հեղափոխական գաղափարի շուրջ:
-Միանշանակ: Հեղափոխությունն այլընտրանք չունի:
– Մի անգամ ՀԱԿ-ն էլ փորձեց, բայց կիսատ մնաց. թեեւ նրանք դեռ շարունակում են պնդել, որ կարող են առաջնորդել մասսաներին:
-Մենք ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ճանապարհ ենք անցել ու չէի ասի, որ քիչ դեր ենք ունեցել: Իմիջիայլոց, մենք «նստեցինք», իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ոչ: Միշտ հիշե´ք, ձերբակալում-տանում են նրանց, որոնցից վտանգ են զգում:
-Թավշյա հեղափոխությունն իրականացնելու համար պատրա՞ստ եք քաղաքական այլ ուժերի հետ համագործակցել:
-Համագործակցելու հարց չկա, թավշյա հեղափոխությունն այնպիսի բան է, որ եթե սկսվեց, ապա կհավաքվեն այն ուժերը, որոնք ցանկություն կունենան դա անելու:
Սոնա Դավթյան