ԵՐԵԽԱՆԵՐԸ ԴԵԳՐԱԴԱՑՎՈՒՄ ԵՆ ՖԱՍԹՖՈՒԴԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեխայի մտավոր կարողությունների զարգացումը մեծապես կախված է նրա ստացած սննդից: Եվրոպական մի շարք երկրներում անցկացվել է հատուկ ուսումնասիրություն, որի թիրախում են եղել կյանքի առաջին տարիներին առողջ սննդակարգ պահպանած (միս, բանջարեղեն, մրգեր, աղցաններ, կաթնամթերք) եւ պատրաստի սնունդ ընդունած երեխաներ: Պարզվել է, որ առողջ սնունդ ընդունած երեխաներն ավելի խելացի են, քան տեխնոլոգիական մշակման ենթարկված սնունդ օգտագործածները: Հետազոտողները եզրակացրել են, որ երեխայի ուղեղը մեկից երեք տարեկանում շատ արագ է զարգանում, եւ որ առաջին երեք տարիների ընթացքում ճիշտ, առողջ սնունդը կարող է նպաստել ուղեղի օպտիմալ զարգացմանը:
Հայաստանում նման ուսումնասիրության անցկացումն առաջիկա մի քանի տարիներին հրատապ չէ. հայերը հետզհետե անցնում են ֆասթֆուդին, բայց դա կատարվում է դանդաղ քայլերով: Ներկայում մեր հասարակությունում գերակշռում են տնային պայմաններում պատրաստված սննդին նախապատվություն տվողները: Բժիշկ Մարիամ Ավանեսյանի խոսքով` ներկա պայմաններում սա չի նշանակում, թե հայերը որակյալ սնունդ են օգտագործում: Բայց եւ չի կարելի չնշել, որ մեր սնունդն անհամեմատ որակյալ է միջին եվրոպացու կամ ամերիկացու օգտագործածից: Նրա ասելով` Հայաստանում սննդի որակից բողոքների ավելացում կամ հիվանդացությունների դեպքեր են գրանցվում հիմնականում ամռանն ու ձմռանը: Տապին մարդիկ չեն կարողանում մարսել յուղոտ, մսային, ծանր սնունդը, իսկ ձմռանը թունավորումների հիմնական պատճառ են դառնում պահածոները:
Հոսպիտալացման դեպքերը էլ ավելի քիչ են: Ավելին, Մարիամ Ավանեսյանի պրակտիկայում այդպիսիք չեն եղել, սակայն նա նշում է, որ մեր երկրում սննդի որակի նկատմամբ վերահսկողությունը սովորաբար բավարար մակարդակի վրա չի լինում: Համապատասխան կառույցներն իրենց պարտականությունները ողջ ծավալով սկսում են կատարել կրիտիկական պահերին, ասենք, երբ Եվրոպայում աղիքային վարակի դեպքեր սկսեցին գրանցվել: Նրա կարծիքով` սննդի անվտանգության տեսչության մասնագետների աշխատանքը պետք է ամենօրյա լինի. շոգերն ընկնելուն պես նրանք ամենօրյա վերահսկողություն պետք է սահմանեն սննդի օբյեկտների, մանավանդ «պոնչիկ, պերաշկի, լահմաջո» թխողների, ինչպես նաեւ մսի, մսամթերքի ու կաթնամթերքի վաճառքի նկատմամբ:
Հայկ Մինասյանը մսամթերքի տեխնոլոգ է: Ասում է, որ անգամ մեծ սուպերմարկետներում հազվադեպ են պահվում սննդի անվտանգ պահպանման նորմերը. չի ապահովվում համապատասխան ջերմաստիճան, ինչի արդյունքում թե՛ մսամթերքը, թե՛ կաթնամթերքը շարքից  դուրս են գալիս: Միակ փրկությունն այն է, որ սուպերմարկետները նույն ապրանքը մեկ օրից ավել չեն պահում տաղավարներում. պարբերաբար թարմացնում են տեսականին: «Սակայն դա էլ չի օգնում, օրերս մի մեծ խանութից երեխայիս համար պանրիկ գնեցի, թթված էր»,-ասում է նա եւ ավելացնում, որ ապրանքը հետ է տվել, սակայն «միեւնույն է, ժամանակ է կորցրել, ստիպված տրանսպորտ նստել, փող ծախսել»:
Այն, որ մեր երկրում սննդի որակի նկատմամբ անհրաժեշտ վերահսկողություն չի ապահովվում, խոստովանում են բոլորը: Դեռ ապրիլ ամսին Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել էր ուժեղացնել մանկապարտեզներում սննդի որակի վերահսկողությունը, սակայն հուլիսին Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի կողմից ստուգումների արդյունքում թերություններ եւ խախտումներ են արձանագրվել մի շարք մանկապարտեզներում: Արդյունքում` նույն հանձնարարականը կրկնվել է: Մեկ-երկու ամիս առաջ սպառողների շահերը պաշտպանող կառույցներից մեկին էին դիմել հավի բդից թունավորված անձինք եւ բողոքել, որ պատկան կառույցներում իրենց դժգոհություններն անգամ չեն լսել:
Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի խոսքով` ոլորտում խաղի հստակ կանոններ չկան: Սննդի որակով եւ անվտանգությամբ զբաղվող կառույցներն անընդհատ տրանսֆորմացիայի են ենթարկվում` մի գերատեսչությունից մյուսը, մի կառույցից մյուսը: «Ես դրան խիստ բացասական եմ մոտենում: Մի արտահայտություն կա. շոգեքարշը չի կարող շարժվել, որովհետեւ ամբողջ գոլորշին գնաց սուլիչի մեջ: Այսինքն` այդ կառույցները մինչեւ ստեղծվում են, վերադասավորվում են, ժամանակ է անցնում: Մինչեւ դրանք հագենան իրենց կադրային, նորմատիվային բազայով եւ փորձ ձեռք բերեն, այդ ժամանակը կորած է սպառողի համար»,-ասում է նա եւ ավելացնում, որ այդ ժամանակահատվածում գլուխ են բարձրացնում տարբեր մեքենայությունները, որոնք առանց այն էլ կան: Մասնավորապես շատ են ահազանգերը, թե շաքարավազի խոնավությունը չափազանց բարձր է, մսամթերքը` անորակ: «Դիմում ենք համապատասխան պետական կառույցներին: Մեր  դիմում-ահազանգերին ասում են` համբերեք, մինչեւ ավարտվի վերակառուցումը: Ինչպե՞ս համբերենք, եթե մարդիկ բողոքում են իրենց գնած սննդի որակից»,-ասում է սպառողների շահերի պաշտպանը:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս